Գործնական կարեկցանք
Հաճախ առավոտյան գրասենյակս մտնելով՝ տեսնում եմ սեղանիս դրված մի անակնկալ: Անցյալ օրը դա սուրճի մի գեղեցիկ բաժակ էր, որը դրել էր բարեկամ մի աշխատակից: Նա այդ գեղեցիկ բաժակը տեսել էր խանութում ու գիտենալով, որ այն կարող էր ուրախացնել տիկնոջս, գնել և բերել էր՝ գրասեղանիս դնելով մի գեղեցիկ երկտողի հետ:
Ինձ համար հաճույք էր այդ նվերն առնել ու տուն տանելով՝ կնոջս հանձնել նվիրատու կնոջ անունից:
Այդ տիկինը կարող էր պարզապես դրականորեն մտածել կնոջս մասին կամ նրա մասին պատմել ուրիշներին: Սակայն այդ բոլոր մտքերն ու խոսքերը այնքան ազդեցիկ ու քաջալերական չէին կարող լինել տիկնոջս համար, որքան այդ փոքրիկ գործնական քայլը:
Ա Հովհաննես 3.18 համարում առաքյալն ասում է, թե ինչ կարող ենք անել, երբ տեսնում ենք կարիքավոր մարդկանց: Նա ասում է, որ պետք է մեր կարեկցանքը գործնականորեն արտահայտենք. խոսքով չսիրենք և ոչ էլ լեզվով, այլ գործով և ճշմարտությամբ:
Որևէ կարիք նկատելիս՝ լավ է այդ մասին խոսելը, սակայն պետք չէ բավարարվել խոսելով: Պետք է մի բան անել դրա համար:
Հակոբոս առաքյալը պատվիրում է. «Խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ» (Հակոբոս 1.22):
Խնդրենք Սուրբ Հոգուն, որ մեր սրտի մեջ դնի մեկին՝ օգնելու նրան Հիսուսի անունով: Ապա անցնենք գործնականի. մի երկտող գրենք, մի նվեր ուղարկենք, մի ծառայություն մատուցենք, զանգահարենք՝ ուշադրության արժանացնելով: Իսկական սերը գործով հայտնված սերն է:
«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից