Ինչպես էլ մեզ զգանք, միևնույն է, Աստված կա:

Հեշտ է երկրպագել Աստծուն, երբ կյանքում ամեն բան շատ լավ է, երբ Նա տալիս է և՛ կերակուր, և՛ ընկերներ, և՛ ընտանիք, և՛ առողջություն, և՛ ուրախալի իրադարձություններ: Սակայն իրավիճակները միշտ չեն հաճելի: Ինչպե՞ս երկրպագել Աստծուն դժվար օրերին: Ի՞նչ անել, երբ թվում է՝ Աստված հեռացել է մեզանից հարյուր ու հազարավոր կիլոմետրեր:

Աստծուն երկրպագելու ամենախոր աստիճանը որոշումն է Նրան փառաբանելը՝ չնայած տառապանքներին, գոհանալը փորձությունների ժամանակ, վստահելը գայթակղությունների մեջ, հնազանդվելը վշտի օրերին և սիրելը Նրան, երբ Նա թվում է ամբողջովին հեռու:

Բաժանումն ու լռությունը հաճախ դառնում է լուրջ փորձություն ընկերական հարաբերություններում: Երբեմն մեզ բաժանում են մեծ տարածություններ կամ ինչ-որ պատճառով չենք կարող հաղորդակցվել: Աստծո հետ հարաբերություններում դուք նույնպես միշտ չէ, որ կզգաք Նրա մոտ լինելը:

Ձեր մտերմությունը Իր հետ ամրացնելու և խորացնելու համար Աստված պարբերաբար այն փորձելու է թվացյալ բաժանումով, երբ ամեն բան այնպես է երևալու, կարծես թե Նա լքել է կամ  մոռացել ձեզ՝ հեռանալով հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր:

Հիսուսից բացի ամենամտերիմ հարաբերություններն Աստծո հետ, կարելի է ասել, ունեցել է Դավիթը: Աստված հաճույքով նրան անվանում է «Իր սրտի համեմատ մարդ» (1 Թագ. 13.14, Գործք.Առ. 13.22): Սակայն Դավիթը հաճախ բողոքում է, որ չի զգում Աստծո ներկայությունը. « Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը ևիմ հառաչանքի խօսքերիցը» (Սաղմոս 22.1), «Ի՞նչու ես ինձ դէն գցում» (Սաղմոս 43.2):

Իհարկե՛, իրականում Աստված երբեք չէր թողել Դավիթին, ինչպես և չի թողնում մեզ: Նա մեկ անգամ չէ խոստացել.«Նա քեզ հետ է լինելու Նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ» (Երկ. Օր. 31.8, Սաղմոս 37.28, Հովհ. 14.16-18, Եբր. 13.5): Սակայն Աստված չի խոստացել, որ մենք միշտ կզգանք Իր ներկայությունը: Ավելին, Նա Ինքն է ասում, որ երբեմն Իր երեսը թաքցնում է մեզանից (Եսայա 45.15):

Կյանքում կլինեն ժամանակներ, երբ կթվա, թե Աստված կորել է անհետ:

Իրականում ոչի՜նչ չի պատահել: Սա Աստծո հետ ձեր ընկերության փորձության և խորացման սովորական ընթացք է: Անխտիր բոլոր քրիստոնյաները անցնում են նման բանով, երբեմն՝ ոչ մեկ անգամ: Սա դժվարին ու ցավոտ ընթացք է, բայց այն անհրաժեշտ է ձեր հավատքի աճի համար: Սրա գիտակցումն օգնեց Հոբին շարունակել հուսալ այն պահին, երբ նա ոչ մի կերպ չէր կարող զգալ Աստծո ներկայությունն իր կյանքում. «Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չկայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։ Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։ Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կգամ» (Հոբ 23.8-10):

Այն ժամանակ, երբ Աստված թվում է հեռու, մենք եզրակացնում ենք, թե Նա նեղացել է մեզանից կամ պատժում է ինչ-որ մեղքի համար: Իսկապես մեղքը խախտում է մարդու մտերիմ հարաբերություններն Աստծո հետ: Անհնազանդությունը, վեճերը շրջապատի հետ, գերզբաղվածությունը, ընկերությունն աշխարհի հետ և այլ մեղքեր տրտմեցնում է Սուրբ Հոգուն և ճնշում է մեր հաղորդակցությունն Աստծո հետ:

Սակայն այդ լքվածության կամ հեռու լինելու զգացողությունն Աստծուց կապված չէ մեղքի հետ:

Սա հավատքի փորձություն է, որին պետք է հանդիպի մեզանից յուրաքանչյուրը՝ կշարունակե՞մ սիրել ու հնազանդվել Աստծուն, վստահել ու երկրպագել, անգամ եթե չեմ նկատում Նրա ներկայության գեթ փոքր երևացող նշան ու մասնակցություն իմ կյանքում:

Ձեր հավատքի ամենալուրջ փորձությունը կլինեն այն իրավիճակները, երբ կյանքը լիովին կործանվում է ձեր շուրջը, իսկ Աստված ոչ մի տեղ չկա՝ չգիտես, թե ինչու: Հենց սա տեղի ունեցավ Հոբի հետ: Նա կորցրեց ամեն բան՝ ընտանիք, սովորական կյանք, առողջություն, կարողություն: Եվ ամենավատն այն էր, որ երեսունյոթ գլուխների ընթացքում Աստված շարունակում էր համառորեն լռել:

Ինչպե՞ս փառք տալ Աստծուն, եթե ոչ մի կերպ չես կարող հասկանալ, թե ինչ է կատարվում կյանքում, իսկ Նա լռում է: Ինչպե՞ս պահպանել Աստծո հետ մտերմությունը, երբ հայտնվել ես խորը ճգնաժամի մեջ, իսկ Նրա հետ հարաբերությունը ամբողջովին խզվել է: Ինչպե՞ս աչքերը չհեռացնել Հիսուսից, երբ դրանք չեն չորանում արտասուքից: Պետք է վարվել այնպես, ինչպես Հոբը. «Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ, Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի» (Հոբ 1:20-21):

Անկեղծ պատմե՛ք Աստծուն ձեր զգացմունքների մասին:

Ձեր սիրտը թափե՛ք Նրա առաջ: Դուրս հանե՛ք ձեր բոլոր հույզերը: Աստված լիովին կարող է հաղթահարել ձեր կասկածները, վախերը, հարցերը, շփոթմունքները, զայրույթը և տխրությունը: Հոբը հենց այդպես վարվեց. «Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին» (Հոբ 7.11): Երբ նրան թվաց, թե Աստված լքել է իրեն, նա աղաղեց. «Երանի՜ թէ առաջի ամիսների պէս եւ այն օրերի պէս լինէի, որ Աստուած ինձ պահում էր. Երբոր նորա ճրագը լոյս էր տալիս իմ գլխի վերայ, նորա լուսովը գնում էի խաւարում։ Երբոր ես իմ աշնան օրերումն էի, եւ Աստուծոյ մտերմութիւնը իմ վրանի վերայ էր» (Հոբ 29.2-4):

Ձեզ հիշեցրե՛ք Աստծո բնավորության, Նրա անփոփոխ էության մասին:

Չնայած բոլոր պարագաներին ու զգացողոթյուններին՝ կառչե՛ք Աստծո անփոփոխ բնավորությունից: Հիշեցրե՛ք ձեզ Նրա բնության հավիտենական ճշմարտությունները՝ Նա բարի է, Նա սիրում է ինձ, Նա ինձ հետ է,  Նա գիտի՝ ինչ է կատարվում ինձ հետ, Նրա համար մեկ չէ, Նա ունի բարի ծրագրեր իմ կյանքի համար:

Երբ Հոբի կյանքը մոխրացավ, իսկ Աստված շարունակում էր լռել, Հոբը, միևնույն է, գտավ բաներ, որոնց համար անկեղծ կարող էր փառաբանել Աստծուն՝

• Նա բարի է ու ողորմած (Հոբ 10.12)

• Նա ամենակարող է (Հոբ 42.2; 37.5, 23)

• Նա նկատում է իմ կյանքի բոլոր մանրուքները (Հոբ 23.10; 31.4)

• Նա իշխում է ամենին (Հոբ 34.13)

• Նա ունի ծրագիր իմ կյանքի համար (Հոբ 23.14)

• Նա կփրկի ինձ (Հոբ 19.25):

Հավատաց՛եք, որ Աստված կկատարի Իր խոստումները:

Հոգևոր անապատի ժամանակ մենք պետք է համբերատար հուսանք Աստծո խոստումներին, ոչ թե մեր զգացումներին, և գիտակցենք, որ Աստված տանում է մեզ քրիստոնեական հասունության ավելի խոր աստիճանի: Հույզերի վրա կառուցված ընկերությունը շատ ու շատ մակերեսային է: Այնպես որ մի՛ մտահոգվեք, երբ այդպիսի տհաճությունների եք հանդիպում: Ոչ մի իրավիճակներ չեն կարող փոխել կամ սասանել Աստծո բնավորությունը: Աստծո շնորհը մեկ վայրկյան անգամ չի կորցրել իր ուժը, Աստված կանգնած է ձեր թիկունքում, անգամ եթե չեք զգում: Երբ ոչինչ շուրջը չէր հաստատում այս ճշմարտությունը, Հոբը, միևնույն է, կառչել էր Աստծո Խոսքից. «Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը» (Հոբ 23:12):

Այս վստահությունն Աստծո Խոսքի հանդեպ օգնեց Հոբին մնալ հավատարիմ, թեկուզ շուրջը ամեն բան կորցրել էր իր իմաստը: Նրա հավատքը մնաց ամուր տառապանքների մեջ. «Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու» (Հոբ 13:15):

Երբ զգում եք, թե Աստված լքել է ձեզ, բայց շարունակում եք Նրան հուսալ՝ չնայած զգացողություններին, դուք երկրպագում եք Աստծուն ամենից խոր ու ճշմարիտ ձևով:

Հիշե՛ք, թե ինչ է Աստված արդեն արել ձեզ համար:

Եթե անգամ Աստված ձեզ համար այլևս ոչինչ չի արել, Նա արժանի է, որ անդադար փառք տաք Նրան ձեր կյանքի մինչև վերջին օրը այն բանի համար, ինչ Հիսուսը կատարեց խաչի վրա ձեզ համար:

Աստծո Որդին մահացա՜վ ձեզ համար: Կգտնվի՞ արդյոք ինչ-որ ավելի վեհ բան, ինչի համար մենք կկարողանայինք Նրա առջև խոնարհվել:

Երբ Հիսուսը Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքը և Աստված երես թեքեց Նրանից անասելի սարսափից, Հիսուս լիովին անհուսության մեջ գոչեց. «Աստվա՜ծ Իմ, Աստվա՜ծ Իմ, ինչո՞ւ Ինձ թողեցիր»: Հիսուսը կարող էր Իրեն ազատել խաչից, բայց այդ ժամանակ չէր կարողանա փրկել մեզ: Հիսուսն ամեն բանից հրաժարվեց, որ մեզ տա ամեն ինչ: Նա մահացավ, որ մենք ապրենք հավիտյան: Միայն սա արդեն բավարար է, որ մենք անդադար գովաբանենք և բարձրացնենք Նրան փառք:

Պե՞տք է արդյոք շարունակել հարցնել ինքներս մեզ՝ ինչի համար Նրան շնորհակալ լինել:

Ռիկ Ուորեն,  «Նպատակասլաց կյանք» գրքից

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.