«Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես» (Ղուկաս 1.13):

Սա էր այն ուղերձը, որն Աստված փոխանցեց Զաքարիային տարիների լռությունից հետո Իր հրեշտակներից մեկի՝ Գաբրիելի միջոցով: Այնքան ժամանակ էր անցել, որ գուցե Զաքարիան մոռացել էր այն, ինչի համար աղոթել էր, գուցե նույնիսկ մոռացել էր, որ իր անունը նշանակում է «Տերը հիշում է»:

Որպես Աստծո զավակներ՝ մեզ ամենից շատ անհանգստացնող հարցերից մեկը Աստծո լռությունն է, որը հաճախ երկար ու տարակուսելի է թվում: Սակայն Զաքարիայի և Եղիսաբեթի, ինչպես նաև սուրբծննդյան պատմությունը, տեղի են ունենում «ժամանակի համալրմամբ» (Գաղատացիս 4.4): Բացի այդ նրանք կրում են երկու կարևոր ուղերձ Աստծո լռության մասին. Նա անշուշտ կխոսի, և մինչ Նա կխոսի, Նա կգործի: Եկե՛ք համառոտ ուսումնասիրենք դրանք:

Աստված անշուշտ կխոսի: Զաքարիայի և Եղիսաբեթի կյանքի այս աստվածային իրադարձությունը կարծես արձագանքը լինի այն եզակի պատմական պահի, երբ Քրիստոսի ծնունդը խախտեց աստվածային լռության չորս դարերը: Դարեր էին անցել առանց մի մարգարեի կամ մարգարեության, երբ Աստված կարծես լիովին լուռ էր մարդկության աղետի և ցավի աղաղակների առաջ: Վերջին մարգարեությունը եղավ Մաղաքիայի միջոցով, որով Տերը խոստացավ, որ հենց Ինքը կգա Իր տաճար (Մաղաքիա 3.1): Թշվառությունը հասել էր ամենաբարձր մակարդակին, իսկ մարդկային հոգու ծարավը՝ ամենացածր՝ պարտադիր դարձնելով Փրկչի կարիքը:

Սակայն ապշեցուցիչն այն էր, որ Զաքարիայի հուսահատությունը չխանգարեց Աստծուն միջամտել և նրան որդի պարգևել: Ավելին, նրա որդին սովորական որդի չէր, ինչպես Քրիստոսը վկայում էր՝ «կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսից մեծ մեկը չկա» (Ղուկաս 7.28): Նմանապես երկար ժամանակ՝ աստվածային լռությունից հետո, մարդկանց հուսահատությունը չի խանգարել Աստծուն միջամտել և նրանց Որդի շնորհել: Այդ ժամանակ Աստված մարդկությանը չուղարկեց մեկ այլ մարգարե կամ մարգարեություն, այլ հենց այդ հոգևոր վերացական Խոսքը մարմին դարձավ՝ հենց Ինքը՝ Լոգոսը: Քրիստոսի մարմնով աշխարհ գալը, Աստծո կողմից ամենահիմնարար արձագանքն էր մարդկության տագնապին: Դա մարդկությանը երբևէ տրված լավագույն նվերն էր:

Սիրելինե՛ր, մի՛ կորցրեք ձեր հույսը, որքան էլ երկար տևի Նրա լռությունը: Քանի որ Իր ժամանակին Նա հաստատ կխոսի և անպայման «անելու է շատ ավելին, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք կամ պատկերացնում» (Եփեսացիս 3.20):

Քանի դեռ Աստված չի խոսում, Նա գործում է: Մեզանից շատերին թվում է, թե Աստված մեզ հետ չի խոսում այնքան հաճախ, որքան կցանկանայինք, այնուամենայնիվ, Աստված Իր կատարյալ իմաստությամբ ջանում է պատրաստել և վերազինել մեզ այն ամենի համար, ինչ Նա պատրաստել է մեզ համար: Լռությունը երբեք անտեղի չէ: Աստված այնտեղ է՝ օգտագործելով լռությունը մեզ փոխակերպելու համար, մինչ Նա կխոսի մեզ հետ, որպեսզի մենք դառնանք Նրա սրտի համեմատ անհատներ: Նա կատարում է Իր ամենամեծ կերտման աշխատանքը մեր կյանքում ոչ թե այն բանի միջոցով, ինչ ստանում ենք Նրանից, այլ թե ովքեր ենք մենք դառնում Նրա միջոցով: Քանզի մեր բնավորության մեջ կան հատուկ գծեր, որոնք մաքրվում կամ ամբողջանում են բացառապես Նրա լռության կրակի միջով անցնելիս:

Սա հենց այն է, ինչ մենք սովորում ենք Զաքարիայի և Եղիսաբեթի կյանքից: Մի հասարակության մեջ, որտեղ անպտղությունը կնոջ համար ամոթալի էր, և հուսահատություն՝ տղամարդու համար, անկասկած, Եղիսաբեթը կիսում էր Աննայի նեղությունն ու վիշտը. «Ես ես վշտացած սրտով մի կին եմ....» (Ա Թագավորաց 1.15): Նմանապես Զաքարիան կիսում էր Աբրահամի բարկությունն ու կոտրվածությունը. «Ով Տէր Եհովայ, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զաւակի եմ մնացել...» (Ծննդոց 15.2):

Չնայած ամոթն ու հուսահատությունը կարող էին ջախջախել նրանց՝ այնուամենայնիվ Աստված օգտագործեց լռության և անպատասխան թվացող աղոթքների ժամանակաշրջանը նրանց բնավորությունները ձևավորելու համար, որպեսզի նրանք դառնային այն անձինք, ովքեր սիրում են Աստծուն իրենց ամբողջ սրտով և հետևաբար կարող են սիրել իրենց մերձավորին իրենց անձի պես: «Երկուսն էլ Աստուծոյ առաջին արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ» (Ղուկաս 1.6), երկուսն էլ սիրում էին Աստծուն և ծառայում Նրան Իր տաճարում: Զաքարիայի սերը Աստծո հանդեպ լցրեց նրա սիրտը մերձավորի հանդեպ սիրով: Մի մշակույթում, երբ ամուսնուն թույլատրելի էր ամուսնանալ ուրիշի հետ, հատկապես, եթե նրա կինը անպտուղ էր, Զաքարիան նախընտրեց հավատարիմ մնալ Եղիսաբեթին: Աստծո հանդեպ սերը նրան հնարավորություն տվեց դուրս գալ իր մշակույթից, իր հուզական և ֆիզիկական կարիքներից: Ավելին, Եղիսաբեթի և Զաքարիայի զորավոր փառաբանությունը՝ ուղղված Աստծուն, պարզ դարձրին, թե որքանով են նրանք հասկանում Աստծո փրկագնման սքանչելի ծրագիրը (Ղուկ. 1.41-45, 67-79): Իրոք, նրանք դարձել էին Աստծո հետ համագործակիցներ՝ մարդկության փրկագնման Նրա մեծ պատմության մեջ:

Նմանապես, Իր լռության միջոցով Աստված օգտագործեց օրենքի դաստիարակչությունը (Գաղատացիներ 3.24)՝ խորացնելու Կենդանի ջրի մեր ծարավը և պատրաստելու մեզ ընդունել Իր սիրելի Որդուն: Դա «ժամանակի համալրումն էր»՝ անհրաժեշտ ժամանակը, որը պետք էր մեզ դառնալու անձինք՝ պատրաստ զարմանալի սուրբծննդյան նվերի ստացմանը:

Սիրելինե՛ր, «Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի»(Եբրայեցիս 10.35): Աստված, անշուշտ, կխոսի, և քանի դեռ Նա չի խոսել, Նա գործում է՝ ձևավորելով մեր էությունն Իր կամքի համաձայն:

Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.