Դուք դեռ չե՞ք տեսնում
«Մեզ նշան տուր»,- պահանջեցին փարիսեցիները: «Մեզ գերբնական նշան տուր երկնքից, որպեսզի ապացուցես, որ Դու Նա ես»։
Հիսուսը խոր հոգոց հանեց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան խնդրում: Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ մի նշան չի տրվելու այս սերնդին»: Հիսուսը շրջվեց և իր աշակերտների հետ մտավ նավակը: Բայց աշակերտները շուտով հասկացան, որ նրանք մոռացել են որևէ սնունդ իրենց հետ վերցնել. նավի մեջ միայն մեկ կտոր հաց կար: Իմանալով, թե ինչ են մտածում Իր աշակերտները՝ Հիսուսը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք խոսում հաց չունենալու մասին, մի՞թե դեռ չեք ընկալում կամ հասկանում»: Հիսուսը կրկին հառաչեց. ասես, այդ օրը հառաչանքի օր էր…
«Ինչո՞ւ են ձեր սրտերը կարծրացած: Դուք ունեք աչքեր եւ չե՞ք տեսնում. ունեք ականջներ և չե՞ք լսում։ Արդյո՞ք չեք հիշում»: Նա հարցրեց. «Երբ ես հինգ հացի կտորը բաժանեցի հինգ հազար մարդկանց միջեւ, քանի՞ զամբյուղ լցվեց կտորտանքներով»:
«Տասներկու»,- պատասխանեցին նրանք:
«Եվ յոթը կտորը՝ չորս հազարի համար, քանի՞ զամբյուղ հավաքեցիք՝ լցված կտորներով»:
«Յոթ»,- ասացին նրանք:
Ի տարբերություն Մատթեւոսի և Ղուկասի, որոնք մանրամասն տեղեկություններ են տալիս Քրիստոսի ծագումնաբանության, ընթացքի եւ ժառանգության մասին, այս պատմության պատմիչ Մարկոսը, կարծես, արագորեն է ներկայացնում գործողությունների ընթացքը: Ավետարաններից ամենակարճի հեղինակը՝ Մարկոսը, ներկայացնում է Ավետարանը՝ կենտրոնանալով հիմնական գործողությունների վրա՝ բաց թողնելով ներածությունները, ներխուժելով բուն իրադարձությունների մեջ և անմիջապես ներկայացնելով դրանք:
Փաստորեն, նա օգտագործում է հունարեն «Յութուս» բառը (անգլ.՝euthus) 42 անգամ 16 գլուխներում, որը նշանակում է «անմիջապես», «հենց հիմա», «միանգամից»: Մարկոսի ամենամեծ մտահոգությունը, կարծես թե, արագ տեմպով պատմությունն ու ուղերձը ներկայացնելն է, որպեսզի լսողները լսեն և տեսնողները տեսնեն իրենց առջև կանգնած Անձին:
Ու, կարծես թե փոքր ինչ հեգնորեն, գործողությունների, հրաշքների և զարմացած բազմությունների այս Ավետարանում նա բազմիցս նշում է այն մարդկանց աշխարհն, ովքեր մնում են կույր. մի ժողովուրդ, որ հավերժ նշաններ է պահանջում՝ երբեք չընդունելով բուն ուղերձը:
Եվ կրկին խոր հառաչանքով Հիսուսը կրկնում է հարցը. «Մի՞թե դուք դեռ չե՞ք տեսնում»:
Հեղինակ՝ Ջիլ Կարատինի
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյան