Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27․32-44, Մարկոս 15․21-32, Ղուկաս 23․26-43, Հովհաննես 18․17-27):

Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում:

Վերջին ընթրիքից հետո Գեթսեմանիի պարտեզում հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին: Ձերբակալումից հետո Նրան ծաղրում են, չարչարում՝ դատապարտելով խաչի մահվան: Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկագործական վերաբերյալ: Հիսուսի մահվան պահին արևն ու լուսինը խավարում են, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվում է, երկիրը շարժվում է, ժայռերը ճեղքվում են, և բացվում են գերեզմանները` ազդարարելով հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումը: Մեռած Հիսուսին խաչից իջեցնում և պատանքի մեջ փաթաթելով` դնում են վիմափոր գերեզմանի մեջ ու գերեզմանի մուտքը փակում վեմ քարով:

Բուն Ավագ ուրբաթ օրը նշվում է Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը: Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար, թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է և տրտմություն:

Խաչափայտին գամված Քրիստոսով հաստատվում է կյանքի հաղթանակը: Քրիստոս մեռավ անարգական մահով՝ իբրև մահապարտ, այն է՝ բևեռվելով խաչափայտին. «Նրան խաչ հանեցին… և Նրա հետ խաչեցին երկու ավազակի՝ մեկին Նրա աջ, մյուսին՝ ձախ կողմում: Եվ կատարվեց այն գրածը, որ ասում էր, թե Նա անօրենների շարքը դասվեց» (Մարկոս 15:24, 27-28): Խաչի խորհրդի մեջ է խտացված Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և գործունեության գերագույն նպատակը:

«Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2․24): Քրիստոս Իր մահով ջնջեց մեր հակառակության կամ թշնամության ձեռագիրը, հաշտեցրեց Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից: Քրիստոս Իր կամքով հանձն առավ կամ ճաշակեց մահը. «Ես Իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ: Այն Ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ Ես Ինքս եմ այն տալիս, իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհաննես 10․17-18):

«Քրիստոս Իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծո հետ, որպեսզի դուք Նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ: Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով» (Կողոսացիներ 1․22-23):

Աղբյուրը՝ surbzoravor.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.