Բիլլի Գրեհեմի այս աղոթքը հրատարակվել է 2008թ-ին «The Saturday Evening Post»-ում, բայց շարունակում է մնալ արդիական այս պահին էլ:

Հա՛յր մեր և Աստված մեր, այս տարվա սկզբին մենք խնդրում ենք Քո առաջնորդությունը և Քո ներկայությունը:

Ամեն մեկս ունենք երազանքներ ու նպատակներ այս տարվա համար, բայց միան Դու գիտես՝ ինչ է մեզ սպասվում: Միայն Դու ես մեզ տալիս ուժ և իմաստություն, որպեսզի կարողանանք հաղթահարել առաջիկա փորձությունները: Օգնի՛ր մեզ խոնարհաբար հետևել Քո ճանապարհներին, վստահել Քեզ ու փնտրել Քո ներկայությունը գալիք տարվա ընթացքում:

Այն օրերին, երբ ապագան թվում է անորոշ, թույլ մի՛ տուր, որ մոռանանք Քո անփոփոխ սիրո մասին:

Հիասթափությունների և հոգեկան տառապանքների անխուսափելի պահերին օգնի՛ր մեզ դիմել Քեզ սփոփանքի համար:

Գայթակղության և մեր կամայականության հաղթանակի պահերին օգնի՛ր ճանապարհից չշեղվել և ուժ տո՛ւր վարվելու, ինչպես որ պետք է՝ անկախ ամեն ինչից:

Երբ մենք շատ ենք մտահոգված գործերով, հիշեցրո՛ւ մեզ վշտերի և անարդարությունների մասին, օգնի՛ր ցուցաբերել կարեկցանք և հոգատարություն կարիքավորների հանդեպ: Թո՛ղ որ մենք գործենք սաղմոսի համաձայն. «Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան» (Սաղմոս 119.33):

Մենք աղոթում ենք մեր երկրի և կառավարության համար այս դժվար ժամանակներում և նրանց համար, ովքեր ձգտում են համաձայնություն և արդարություն բերել մեր աշխարհ, որ լի է անհանգստությամբ ու դժբախտություններով:

Մենք նաև աղոթում ենք մեր զինվորականների համար: Եղի՛ր նրանց ընտանիքների հետ, ովքեր ունեն Քո սիրո և օժանդակության կարիքը:

Միավորի՛ր մեր երկիրը և տուր մեզ մեր կոչման մասին Քո տեսիլքը: Դու ասում ես. «Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան» (Սաղմոս 33.12):

Գոհանում ենք Քեզանից անցած տարվա համար և որ այդքան բարի էիր մեր նկատմամբ, ավելի բարի, քան մենք արժանի էինք: Թո՛ղ Քո բարությունն ու ողորմությունը չմոռացվեն, բայց բերեն ապաշխարության և ավելի խոր հարաբերությունների Քեզ հետ: Եղի՛ր մեր կյանքի կենտրոնը:

Շնորհակալություն ամեն բանի համար, ինչ խոստացել ես մեզ գալիք տարվա համար:

Մեր Տիրոջ ու Փրկչի անունով, Ում մահով մենք փրկագնված ենք, իսկ հարությամբ պարտական երկրային ու հավիտենական կյանքով, ամեն:

Աղբյուրը՝ ieshua.org

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.