Ավագ երկուշաբթին ու անպտուղ թզենին
Զատկին կամ Սուրբ Հարությանը նախորդող օրերը կոչվում են Ավագ, քանի որ դրանք մեր Տիրոջ երկրային ծառայության վերջին օրերն էին նախքան հարությունը։
Այսօր ավագ երկուշաբթի է։ Այսօր ուղղադավան եկեղեցիներում հիշատակվում է Անպտուղ թզենու պատմությունը: Ըստ Աստվածաշնչի, Քրիստոս, քաղց զգալով, մոտենում է մի թզենու, բայց դրա վրա տերեւներից բացի ոչինչ չի գտնում: Եվ անիծում է թզենուն. «Այսուհետեւ քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»։ Եվ նույն պահին թզենին չորանում է։
Պտուղը խորհրդանշում է մարդկանց գործերը: Անպտուղ են համարվում նրանք, ովքեր միայն արտաքնապես են բարեպաշտ եւ չունեն իսկական հավատք եւ բարի գործեր:
Աստվածաշունչն ասում է, որ Աստված մեզ չի փրկել բարի գործերի պատճառով, այլ բարի գործերի համար։ Եվ ծառն էլ ճանաչվում է իր պտուղներով։ Այս առումով կա երեք մոտեցում.
- մենք կա՛մ չար պտուղ ենք բերում,
- կա՛մ բարի պտուղ ենք բերում,
- կա՛մ ընդհանրապես պտուղ չենք բերում։
Ավետարանում նկարագրված թզենին ընդհանրապես պտուղ չէր բերել, և դա նույնպես չարիք էր։ Նա խորհրդանշում է հոգևոր այն անձնավորությանը, որին Տերը փրկել է, հաստատել է, ոռոգել է, բայց նա պտուղ չի բերել Աստծո արքայության համար։ Նման անձի վախճանն ողբերգական է լինում։
Մեր մեծագույն պտուղը մեր ապաշխարությունն է։ Ավետարանն ասում է. «Ապաշխարության արժանի պտուղ բերեք»։
Գաղատացիներին թղթում Պողոս առաքյալը թվարկում է Հուգու այն պտուղները, որոնք հաճելի են Աստծուն։ Եկե՛ք քննենք մեր կյանքը և տեսնենք, թե արդյոք ունենք այն ցանկալի պտուղը, որը Հիսուսը փնտրում է մեր կյանքում։
Ավագ երկուշաբթին հրաշալի առիթ է զբաղվելու ինքնաքննությամբ, վերանայելու մեր կյանքը և ապաշխարելումեղսալի պտուղներից, դարձի գալ դեպի Աստված և ապաշխարության արժանի պտուղներ բերել Նրան։
Վազգեն Զոհրաբյան