«Երգեցէ՛ք Տիրոջը. Օրհնեցէք նորա անունը. Քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը»։ Սաղմոս 96.2

Եթե ուշադիր վերլուծեք միջազգային անցուդարձը, ազգերի քաղաքականությունը, ռադիոհաղորդումները, բլոգերը, աշխատանքային բանավեճերը և ռասայական հարաբերությունները, կբացահայտեք, որ ամբողջ աշխարհում տիրում է չարության և դառնության «համաճարակ»: Դա ամենուր է, և ցավոք, այն ներխուժել է անգամ «Քրիստոսի Մարմին»: Այն ամբողջապես դեմ է ուրախ ապրելու՝ Հիսուսից մեզ տրված նախասահմանությանը: «Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»: Հովհաննես 15.11:

Դարեր առաջ Հիսուսն ասաց այս խոսքերը՝ ցույց տալով, որ ուրախությունը կարևոր դերակատարում ունի Աստծո ընտրյալ ժողովրդի կյանքում: Մովսեսը ժողովրդին սովորեցնում էր, որ Աստծո օրհնությունները ձրի տրված են նրանց, որպեսզի «ձեր ուրախությունը լիարժեք լինի» (2 Օրինաց 16.15): Աստծո ներկայությունը վայելելն ավելի խոր ուրախություն է պատճառում, քան ցանկացած նյութական օրհնություն (Սաղմոս 21.6), և Աստծո ժողովուրդը շարունակաբար գովերգում էր Նրա բարությունը «ուրախության երգերով» (Սաղմոս 107.22):

«Ուրախության երգ» երգելիս միայն բառերն ու մեղեդին չէին, որ ստեղծում էին երկրպագության եւ փառաբանության մթնոլորտ. փառաբանողներն ուրախ սրտի կարիք ունեին, որն արտահայտում էր այն ամենը, ինչ Տերն արել էր նրանց համար: Աստծուն ավելի շատ հետաքրքրում էր ուրախ սիրտը, քան ձայնային տվյալները։ Այդ է պատճառը, որ Դավիթի պահվածքն այդքան հաճելի էր Աստծուն: Չնայած այն բանի, որ Դավիթը շրջապատված էր թշնամիներով և անցնում էր դժվարությունների միջով, այնուամենայնիվ, նա չէր բողոքում և չէր ընկճվում: Փոխարենը նա գնաց խորան և զոհաբերություններ արեց «ուրախության աղաղակներով»՝ ասելով. «Եւ հիմա իմ գլուխը կբարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. Եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կմատուցանեմ, կերգեմ եւ սաղմոս կասեմ Տիրոջը» (Սաղմոս 27.6):

Մենք՝ քրիստոնյաներս, ներված ենք, մաքրված, արդարացած և մեզ վրա կա Սուրբ Հոգու կնիքը. մենք հավիտյան ապրելու ենք Քրիստոսի հետ: Ուրախությամբ երգելը, փառաբանության խոսքերն ու անվերջանալի գովեստի խոսքերը, անշո'ւշտ, իրենց տեղն ունեն: Եվ կա ժամանակ «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած...» (Սաղմոս 46.10), և մենք պետք է հիշենք նաև.«... ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը»(Սաղմոս 81.1):

Հեղինակ՝ Ջիմ Կիմբալա
Աղբյուրը՝ worldchallenge.or
g

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.