«Շտապիր, որ շուտով ինձ մոտ գաս… Շտապիր, որ ձմեռիցն առաջ գաս…» (Բ Տիմոթեոս 4.9,21):

Երբ մարդը գտնվում է նեղ իրավիճակում, նա կարիք է ունենում մի քանի լավ ընկերների, ում կարող է վստահել: Պողոսն ուներ նման երեք ընկեր: Առաջինը նրանցից Նա է, Ում անունը հատուկ ներկայացման կարիք չունի: Նա, Ով մեզ բոլորիս համար Իր սուրբ կյանքը զոհեց:

Պողոսի երկրորդ հավատարիմ ընկերը մասնագիտությամբ բժիշկ էր: Նրա հիշատակը Պողոսը հավերժացրել է անմահ խոսքերով. «Բժիշկ Ղուկաս սիրելին» (Կողոսացիս 4.14) և «Ղուկասն է միայն ինձ հետ» (Բ Տիմոթեոս 4.10): Պողոսի երրորդ հավատարիմ ընկերը պատանի Տիմոթեոսն էր՝ կիսով չափ հույն, կիսով չափ հրեա, նա, ում Պողոսը սիրով անվանում էր. «Տիմոթեոս՝ սիրելի որդիս՝ հավատքով» (Ա Տիմոթեոս 1.2):

Երբ Պողոսին քարերով ծեծեցին և քաղաքի պարիսպներից դուրս նետեցին՝ թողնելով այնտեղ մահանալու, հնարավոր է՝ հենց Տիմոթեոսն է գիշերվա մթության մեջ, կատաղած ամբոխի հանդարտվելուց հետո, գնացել, քարերի ու աղբակույտերի մեջ փնտրել վիրավոր, արնածոր Պողոսի մարմինը:

Եվ երբ գտել է, քնքշորեն մաքրելով նրա դեմքից արյունը, տարել է նրան իր բարեպաշտ տատիկ Լաոդիկեի և աստվածավախ մոր Եվնիկեի տուն… Ընկերությունը, որին նավակոծությունն է կապել, կապրի հավիտյան: Փորձությունների երկարամյա մուրճը միաբանում է մարդկային սրտերը՝ դարձնելով դրանք անքակտելի միություն: Ե՛վ Պողոսը, և՛ Տիմոթեոսը գտան իրար, քանզի նրանք երկուսն էլ ծնված էին՝ հաղթահարելու կյանքի աղետները:

Պողոսի նամակը ուղղված էր հենց այս ամենաթանկ ընկերոջը՝ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս Եփեսոսից գար Հռոմ: Նախապես նա պետք է կանգ առներ Տրովադայում՝ վերցնելու իր հետ Պողոսի գրքերը, քանզի Պողոսը մինչև կյանքի վերջին օրերն էլ չթողեց գիտությամբ զբաղվելը: (Ընկերություն արեք գրքերի հետ, քանզի նրանք երբեք ձեզ չեն թողնի ու չեն լքի):

Տիմոթեոսը նաև իր հետ պետք է վերցներ Պողոսի վերարկուն, որը Պողոսը նույնպես թողել էր Տրովադայում՝ Կարպոսի տանը: Դա Պողոսի միակ վերարկուն էր: Հռոմում եղանակը ցրտում էր, և այն շատ հարկավոր էր նրան: Բայց ամենից շատ Պողոսը ցանկանում էր տեսնել Տիմոթեոսին. «Շտապիր, որ շուտով ինձ մոտ գաս…», և վերջում նորից ավելացնում է. «Շտապիր, որ ձմեռիցն առաջ գաս…»:

Ինչո՞ւ մինչև ձմեռ, որովհետև Միջերկրական ծովով ճանապարհորդելը ձմռանը վտանգավոր էր կյանքի համար, և նավերը հիմնականում դադարում էին գնալ: Հենց իր՝ Պողոսի պատմությունը կարող է վկայել, թե որքան դա վտանգավոր էր: Եթե Տիմոթեոսը չգնար Պողոսի մոտ մինչև ձմեռ, ապա ստիպված պետք է լիներ սպասել գարնան գալուստին, իսկ Պողոսը զգում էր, որ այդ ձմեռն ինքը չէր անցկացնելու. «Որովհետև ես արդեն նվիրվում եմ, և իմ բաժանվելու ժամանակը հասած է» (Բ Տիմոթեոս 4.6):

Մեզ դուր է գալիս մտածել, որ Տիմոթեոսը մի վայրկյան անգամ չհապաղեց և ճանապարհ ընկավ անմիջապես Պողոսի ուղերձը ստանալուց հետո… Հռոմում նա գտավ Պողոսին բանտարկության մեջ, այնտեղ նրա համար բարձրաձայն կարդաց Հին Կտակարանից հատվածներ, գրեց Պողոսի թելադրած վերջին ուղերձները, այնուհետև ուղեկցեց Պողոսին մինչև մահապատժի վայրը և վկա եղավ, թե ինչպես առաքյալը ստացավ փառքի պսակը:

Մինչև ձմեռ, կամ՝ երբեք: Որոշ գործեր, եթե դրանք մինչև ձմեռ չկատարես, այդպես էլ կմնան անկատար: Ձմեռը կանցնի, կգա գարունը, ծաղիկները կզարդարեն հողը, անգամ այն այգին, որտեղ, հնարավոր է, ննջած է քո լավագույն ընկերը… Այս աշնանը դեռ բաց են ոսկե դարպասները, բայց շուտով նոյեմբերն էլ կվերջանա, և դրանք կփակվեն հավերժ… Հիմա դու կարող ես դեռ օգտվել հնարավորությունների լայն հոսքից: Բայց շուտով այդ հոսքը կդադարի: Այսօր դեռ քեզ դիմում ու քո ականջին դեռ աղաղակում են օգնության սպասող մարդկային ձայները, բայց մի քիչ էլ ժամանակ կանցնի, և դրանք կլռեն: Մինչև ձմեռ, կամ՝ այլևս երբեք…

Պատկերացրեք, եթե Տիմոթեոսը, ստանալով Պողոսի նամակը, մտածեր. «Կգնամ, բայց մինչ այդ՝ ես այստեղ դեռ մի քանի գործեր ունեմ, սա կանեմ, հետո՝ սա, հետո՝ նա, հետո միայն ճանապարհ կընկնեմ»: Եվ ձմռան գալուն պես նավերը կդադարեին ծով դուրս գալ, ու Տիմոթեոսը Հռոմ կհասներ միայն գարնանը: Ներս մտնելով՝ նա կհարցներ եղբայրներին ու քույրերին, թե ո՞ւր է Պողոսը, իսկ նրանք էլ կպատասխաներին. «Օ՜, դո՞ւ ես, Տիմոթեո՛ս, դու, ինչ է, չգիտե՞ս, որ Պողոսին գլխատեցին դեռ դեկտեմբերին:

Ամեն անգամ, երբ բանտապահը բանալիները շխկացնելով բացում էր նրա խցի դուռը, նա մտածում էր, թե այդ դու ես եկել իրենց այցելելու: Նրա վերջին խոսքերը քեզ էին ուղղված. «Փոխանցեք Տիմոթեոսին՝ սիրելի որդուս՝ հավատքով, որ ես սիրում եմ իրեն: Փոխանցեք այս խոսքերը նրան, երբ նա գա»»: Որքա՜ն կցանկանար Տիմոթեոսը ժամանակը հետ բերել ու Պողոսի մոտ հասներ մինչև ձմեռ…

Մինչև ձմեռ, կամ՝ երբեք: «Ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունեք, և երբ որ կամենաք՝ կարող եք նրանց բարի անել, բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չունեք»,- ասում էր Հիսուսը (Մարկոս 14.7): Երբեմն մենք այնպես պատրաստակամ ենք մեզ շրջապատող անծանոթ թշվառ մարդկանց օգնելու, նրանց համար մի բան անելու, բայց ինչ վերաբերում է մեր հարազատներին ու ընկերներին… մենք չենք կարողանում գնալ նրանց մոտ հիմա, բայց ձմռանից հետո, հնարավոր է, նրանցից մնացած լինեն միայն սիրելի ու հարազատ անունները… Այժմ, կամ՝ երբեք… քանզի այսօր է փրկության օրը…

Կլարենս Մակկարտնի (1879–1957)

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.