Անհատականությամբ օժտված մարդիկ
Աստված յուրաքանչյուրիս ստեղծել է յուրահատուկ, և մենք տարբերվում ենք միմյանցից: Ուզենք, թե չուզենք, տարբերվում ենք մեր մտածելակերպով, աշխարհայացքով, տրամաբանությամբ…
Երբ խոսքը վերաբերում է անապաշխար մարդկանց հետ շփվելուն, ապա քրիստոնյան հստակ պետք է գիտակցի, հասկանա, որ ինքը կանչված է՝ տարբերվելու մյուսներից և չպետք է հետևի ամբոխին, չպետք է հետևի մեծամասնությանը, այլ ունենա իր ուրույն կարծիքն ու ձևավորված սկզբունքները՝ հիմնված Աստծո Խոսքի ու պատվիրանների վրա:
Երբեմն դժվար է, սակայն կարևոր է պահպանել անհատականությունը, որովհետև այդ անհատականությամբ օժտված մարդիկ են, որ կարող են փոփոխություններ մտցնել, փոխել պատմության ընթացքը, ազդել դեպքերի զարգացման և մարդկանց կյանքի դրական փոփոխության վրա…
Եկեղեցում, որտեղ ևս հավաքված են մարդիկ՝ իրենց թերություններով, տկարություններով ու խնդիրներով, կարևոր է, որ մարդ պահի իր անհատականությունը, ունենա իր սկզբունքները, ոչ թե պարզապես հետևի մյուսներին:
Հանկարծ նկատում ես, որ մի քանի հոգի խոսում են ինչ-որ մեկի մասին, կամ ինչ-որ մեկը սխալ արարք է գործում և տեսնում ես, որ նրան սկսում են վերաբերվել որոշակի վերապահումներով:
Ի՞նչ անել, համաձայնես բոլորի հետ և ինքդ էլ վերցնես հերթական քարը, թե՞ փորձել պաշտպանի դերը ստանձնել…
Մովսեսը սեփական փրկության գնով պատրաստ էր դեմ կանգնելու և բարեխոսելու իր ՄԵՂԱՎՈՐ ժողովրդի համար, նա անգամ համարձակություն ունեցավ Աստծո հետ չհամաձայնելու և բարեխոսելու:
Անհատականությունն է, որ կարող է դեմ կանգնել բամբասանքին ու զրպարտությանը, անհատականությունն է, որ կարող է բարձրացնել ընկածին, անհատականությունն է, որ կարող է իր վրա ընդունել մեղավոր ընկերոջն ուղղված քարերը:
Այդպիսի անհատականություն էր Հիսուսը, երբ կանգնեց անառակ կնոջ կողքին: Բոլորը դեմ էին, նրանք ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ մեղադրում էին կնոջը և պատրաստվում էին քարկոծել, սակայն Հիսուսը դեմ գնաց բոլորին և կանգնեց մեղավորի կողքին:
Եվ այդ անհատականության դրսևորումն էր, որ փրկության դուռ բացեց մեղավոր կնոջ համար:
Հաճախ մենք, եթե անգամ չենք էլ քարկոծում, անտարբեր հետևում ենք, թե ինչպես են մյուսները քարկոծում, և պարզապես արձանագրում ենք փաստը. այո՛, նա մեղավո՛ր է, այո՛, նա չպե՛տք է այդպես վարվեր, այո՛, նա այլևս չի՛ կարող այդպես ծառայել, այո՛, այո՛…
Մինչդեռ Հիսուսը սեր էր ցույց տալիս: Չէ՞ որ նա ընտրեց մեղավոր Զաքեոսին ոչ թե նրան հանդիմանելու ու ցույց տալու իր մեղքը, այլ պարզապես շփվելու նրա հետ, նա ընտրեց Մատթևոսին՝ ոչ թե քննադատելու իր գործի համար, այլ ցույց տալով իր առաջարկածի կարևորությունը, նա անգամ չհանդիմանեց Մարթայի անհավատությունը, այլ հորդորեց՝ հավատա, ու Աստծո փառքը կտեսնես, երբ հայտնվեց աշակերտներին, կարող էր բոլորի մոտ հանդիմանել Թովմասին, որովհետև վերջինս վատ օրինակ էր հանդիսացել իր անհավատությամբ, սակայն սիրով խոնարհվեց ու կատարեց նրա ուզածը՝ ահա՛, Թովմա՛ս, բեր ձեռքերդ և շոշափիր…
Հիսուս Քրիստոսի համար կարևոր էր յուրաքանչյուր մեկը, նա նայում էր իր զավակներին՝ թերի, տկար, մեղավոր, կասկածամիտ ու նրա մտքին միայն մեկ բան կար. բարձրացնել, օգնել ու առաջնորդել նրանց:
Անհատականության դրսևորում էր սամարացին, ով մյուսների նման անտարբեր չգտնվեց ընկած վիրավորի նկատմամբ:
Այսօր այնքա՜ն հեշտ է հանդիմանել, քննադատել, ցույց տալ դիմացինի սխալներն ու պատրաստ լինել քարկոծելու, սակայն քչերն են, որ համաձայնում են ցավ քաշել, կանգնեցնել իրենց ճանապարհը, վերցնել վիրավորի ծանրությունը և գուցե սեփական միջոցների ու սեփական ժամանակի հաշվին զբաղվել նրա կազդուրմամբ, որ միգուցե երկար ժամանակ տևի:
Հիսուսն ուզում է տեսնել անհատականությունների, մարդկանց, որոնց համար ամենաառաջնայինը Աստծո Խոսքն է, Քրիստոսի սկզբունքները, ոչ թե մեծամասնության կարծիքը:
Երբ փողոցով անցնես ու տեսնես մեկին՝ ընկած ցեխի մեջ, շատ հեշտ է գլուխը տարուբերել ու ասել՝ «Ախր ես քեզ զգուշացնում էի, ախր ինչո՞ւ դիմացդ չէիր նայում, ախր ինչո՞ւ չտեսար զգուշացնող ցուցանակը, ախր ինչո՞ւ, ախր ինչո՞ւ…», սակայն շատ դժվար է կանգ առնել, մտնել ցեխն ու ցեխոտելով սեփական հագուստը՝ հանել նրան այնտեղից…
Ուզում եմ հորդորել քեզ, սիրելի՛ քրիստոնյա, երբ կտեսնես եղբորդ կամ քրոջդ տկարացած ու ընկած, անկախ նրանից, թե մյուսներն ինչպես կվերաբերվեն, ինչպես կարտահայտվեն, փորձիր լինել ընկեր, փորձիր լինել բարեխոս, փորձիր լինել մեկը, ով կհամաձայնի սեփական հարմարավետության հաշվին բարձրացնել մյուսին, փորձիր միշտ հետևել ոչ թե մեծամասնության, այլ Միակի՝ Քրիստոսի օրինակին…
Արմեն Նիազյան