4 հրաշալի ընտանեկան խաղ` երեկոները հետաքրքիր անցկացնելու համար
Ամենասիրելի բաներից մեկը մեր ընտանիքների համար միասին խաղալն է։ Իրականում շաբաթվա ընթացքում մենք ունենում ենք մեկ օր «ընտանեկան խաղերի» համար։ Ահա առաջարկում ենք մի քանի խաղ՝ ընտանիքով խաղալու համար։
Երբեմն մենք խաղում ենք թղթախաղեր կամ տախտակի համար նախատեսված խաղեր, բայց ամենից շատը մեզ դուր են գալիս այն խաղերը, որոնք մենք ենք մտածել, կամ այնպիսի խաղեր, որոնց համար շատ բան պետք չէ։
Մենք կցանկանանք օգնել ձեզ՝ առաջարկելով մի քանի խաղ, որոնք կարող եք խաղալ այս կարանտինի ընթացքում։
1․ Լապտերի թաքստոց
Սա շատ հեշտ խաղ է և մեր երեխաներին շատ դուր կգա։ Բոլորը պետք է ունենան լապտեր։ Տան լույսերը պետք է անջատված լինեն։ Մի հոգին փակում է աչքերը և հաշվում է մինչև երեսունը, մյուսները թաքնվում են։ Մի հոգին լապտերով պետք է փնտրի մյուսներին։ Երբ գտնում է առաջին մարդուն, վերջինս միանում է փնտրող մարդուն, որպեսզի գտնեն մյուսներին։ Ում վերջում են գտնում, նա համարվում է հաղթող, իսկ ում առաջինն են գտնում, նա է սկսում փնտրել բոլորին։ Սա շատ զվարճալի խաղ է և նման է պահմտոցիին։ Այս խաղը կարող եք խաղալ ամբողջ ընտանիքով։
2․ Խաղ ձեռքերով
Սա նույնպես շատ հեշտ, զվարճալի և հետաքրքիր խաղ է։ 2 հոգի կանգնում են իրար դեմ՝ 1-2 ոտնաչափ հեռավորությամբ, ձեռքերը պարզած կրծքավանդակի դիմաց՝ ծալված վիճակում։ Նրանք պետք է մեկը մյուսի ձեռքերին խփեն և դիմացինին հավասարակշռությունից հանեն։ Ով ոտքը շարժում է, նա պարտվում է։ Միայն կարող ենք մեր դիմացը կանգնողի ձեռքերին դիպչել։ Եթե այդպես չենք անում, մենք ենք պարտվում։ Այս խաղը զվարճալի է թե՛ խաղալիս, թե՛ դիտելիս։
3․ Որսորդ
Այս խաղի համար պետք է շրջանաձև նստել սեղանի շուրջ կամ հատակին։ Տարայի մեջ թղթեր են ծալված, որոնցից մեկի վրա կետ է արված:
Յուրաքանչյուր ոք վերցնում է մեկական թուղթ, գաղտնի կերպով բացում այն։ Ում մոտ այդ կետով թուղթն է լինում, նա համարվում է այդ փուլի որսորդըը։ Հետո ծալում է թուղթը և դնում է տարայի մեջ։ Ոչ ոք չպետք է իմանա, թե ով է որսորդը։
Մյուսներն էլ պետք է իրենց թղթերը ծալեն և դնեն տարայի մեջ: Որսորդը պետք է նայի խաղացողներից մեկին, աննկատ աչքով անի: Երբ աչքով արեց, տվյալ խաղացողը, պարտվում է՝ ասելով՝ ես բռնվեցի, և դուրս է գալիս խաղից։ Խաղացողները պետք է կռահեն, թե ով է որսորդը։ Որսորդի նպատակն այն է, որ նա պետք է բոլորին հասցնի բռնել, մինչ իրեն կբացահայտեն մյուս խաղացողները։ Ով կռահում է, թե ով է որսորդը, ասում է, ու եթե ճիշտ է լինում, հաղթում են։ Խաղը ավարտվում է, եթե մեկը գտնում է որսորդին կամ որսորդը բռնում է բոլորին։
4․ Գդալներ
Սա հրաշալի խաղ է, և կարող եք խաղալ խոհանոցի սեղանի շուրջ։ Եթե խաղին մասնակցում է 5 հոգի, ապա սեղանին պետք է լինի 4 գդալ։ Նաև պետք է ունենաք թվեր պարունակող քարտեր սեղանի վրա։
Գդալները պետք է լինեն բոլորին հասանելի։ Առաջին խաղացողը փոխանցում է մեկական քարտ մյուսներին։ Յուրաքանչյուրը կարող է որոշել իրեն պահել քարտը կամ փոխանցել։ Ամեն խաղացող կարող է ունենալ նույն թվից 3 քարտ, այդ ժամանակ կարող են վերցնել գդալը։ Հենց մեկը վերցնում է գդալը, մյուսները պետք է հասցնեն վերցնել գդալները։ Ում չի հասնում գդալ, նա պարտվում է։
Հետո մի գդալ վերցնում ենք սեղանից և շարունակում ենք խաղը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև սեղանի շուրջ մնում են 2 խաղացող և մեկ գդալ։ Այս խաղի համար պետք է արագություն, և սա շատ զվարճալի խաղ է։
Ընտանեկան խաղեր խաղալիս մենք շատ ենք ուրախանում, անցկացնում ենք հրաշալի ժամանակ և ունենում ենք շատ հիշողություններ։
Աստված ստեղծել է ընտանիքները, որ միասին լավ ժամանակ անցկացնեն։ Ուղղակի մենք պետք է կարողանանք միմյանց ժամանակ հատկացնել։
Ինչպե՞ս եք անցկացնում ձեր ժամանակը կարանտինի ժամանակ, և որո՞նք են ձեր սիրելի խաղերը։
Աղբյուրը՝ churchleaders.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը