3 Հետաքրքիր բան, որ Աստվածաշունչն ասում է փողի մասին
- Արդյոք այն չարիքի արմա՞տ է
Ե՛վ այո, և՛ ոչ: Այն տեսակետը, թե փողը միանշանակ չարիքի արմատն է՝ սխալ է: Սա միգուցե աստվածաշնչյան խոսքը շատ անգամներ սխալ մեջբերելու արդյունք է:
«Որովհետև արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է, որին մի քանիսը անձնատուր լինելով հավատքիցը մոլորվեցին և իրենց անձերը շատ ցավերով խոցեցին» (Ա Տիմոթեոս 6.10):
Փողասիրությունը կամ ինչպես նշված է խոսքում՝ արծաթասիրությունը, ոչ թե փողը, բոլոր չարիքների հիմքն է: Աստված դեմ չէ, որ որևէ մեկը հարուստ լինի, բայց փողի հետ կապվածությունը և փողասիրությունը ամեն տեսակի չարիքի աղբյուրն է: Ամեն չարիքի հիմքը սատանան է: Պողոսը գրել է այս մասին, որ փողին անձնատուր լինելով՝ շատերը հեռացել են հավատքի ճանապարհից, սակայն հետո իրենց անձերը շատ ցավերով չարչարել են, որովհետև հարստություն ձեռք բերելով՝ ի վերջո հասկացել են, որ երջանկությունը փողի մեջ չէ:
- Աստված դեմ չէ հարստությանը
Հիսուսը մի անգամ ասաց. «Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո արքայությունը մտնի (Մաթևոս 19.24), իսկ հետո «Նրա աշակերտները երբ որ լսեցին, շատ զարմացան և ասացին. ապա ո՞վ կարող է փրկվել (Մաթևոս 19.25), հետո «Հիսուսն էլ նրանց մտիկ տալով ասաց. մարդկանց կողմանե դա անկարելի է, բայց Աստծո կողմանե ամեն բան կարելի է» (Մաթևոս 19.26):
Հիսուսը չի ասել, թե հարուստը չի կարող մտնել երկնքի արքայություն, բայց ասել է, որ շատ ավելի դժվար է լինելու հարուստի համար, որովհետև երբ մարդը հարուստ է, կարողանում է իր բոլոր կարիքները բավարարել և կարծես Աստծո կարիքը չի զգում: Մեկ այլ խոսքով կարող ենք ասել, որ «փողը դառնում է մարդու աստվածը», այն բավարարում է մարդու գրեթե բոլոր կարիքները, ցանկությունները և հարմարավետ կյանք է տալիս, բայց, այնուամենայնիվ, Ժողովողը գրում է՝ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն» (Ժողովող 5.10):
Շատ մարդիկ կան, որ և՛ հոգևոր են, և՛ հարուստ, նրանցից շատերը աջակցում են եկեղեցական ծառայություններին: Բնական է՝ ունենալ հարստություն, բայց երբ հարստությունն է սկսում մարդուն կառավարել, դա արդեն այլ հարց է: Աբրահամը շատ հարուստ էր, բայց նա նաև շատ մեծահոգի էր, առատաձեռն և աստվածահաճո:
- Ոչ թե գումարը, այլ՝ զոհաբերությունը
Հետաքրքիր է, պատահում է, որ շատ միջին խավի ապրողներ կամ աղքատներ հաճախ ավելի շատ են տալիս իրենց ունեցածից Տիրոջ գործի համար, քան բազում հարուստներ:
Երբ Հիսուսը նստած էր գանձանակի առաջ և նայում էր, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակը, շատ հարուստներ շատ բաներ էին գցում, բայց մի աղքատ որբևայրի եկավ և երկու լումա գցեց: Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. թե այս աղքատ որբևայրին գանձանակը գցողների ամենից ավելի գցեց» (Մարկոս 12.43):
Ո՞վ տվեց ավելի շատ՝ աղքա՞տը, թե՞ հարուստը: Եթե համեմատենք աղքատի և հարուստի ունեցվածքը, կտեսնենք, որ թեև հարուստը մեծ գումարներ գցեց, սակայն իր ունեցվածքի համեմատ դա շատ փոքր գումար էր, իսկ աղքատը գցեց իր ամբողջ ունեցածը, թեև դա ընդամենը երկու լումա էր: Այս որբևայրին մեծ վստահություն ուներ, որ Աստված կարող է ապահովել իր կարիքները:
Աստծո համար ոչ թե կարևոր է, թե ինչքան գումար ենք մենք տալիս, այլ թե որքանով է այդ գումարի չափը իսկապես զոհաբերություն մեզ համար:
Ջեք Վելման
Թարգմանեց Էսթեր Զաքարյանը