Աստծո անակնկալը
Կյանքը սիրում է մեզ տհաճ անակնկալներ մատուցել։ Բայց աշխարհում կան մարդիկ, ովքեր ունեն հատուկ պաշտպանություն և ապահովագրություն չար ուժերից և դրանց ստեղծած դժբախտ պատահարներից։ Նրանք այն մարդիկ չեն, ովքեր հարուստ են, այն մարդիկ չեն, ովքեր ունեն լավ շրջապատ, այն մարդիկ չեն, ովքեր հաճախում են եկեղեցի կամ կառուցում եկեղեցիներ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր լսում են իրենց խղճի ձայնին, Սուրբ Հոգու կանչին։ Ցանկացած իրավիճակում, երբ երկընտրանքի առաջ ենք կանգնում, մեր ներսում լսվում են տարբեր ձայներ։ Երբեմն ճիշտ ընտրություն ենք կատարում, երբեմն էլ՝ սխալվում ու դժվարությունների մեջ ընկնում: Սակայն կա մի բան, որի մասին հաճախ ենք մոռանում. «Բայց գիտենք, որ բոլոր բաները բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նպատակի» /Հռոմեացիս 8.28/:
Վրիպումներ միշտ կլինեն մեր կյանքում, հաճախ էլ մեր կամքից անկախ կհայտնվենք ծանր կացության մեջ, բայց Աստված միշտ մի անակնկալ ունի մեզ համար պատրաստած: Միայն թե վստահենք Նրան, միայն թե հավատանք Իր բարությանն ու ամենակարող բազուկին:
Աստված չի ուզում, որ մենք տեղում դոփենք կամ էլ ընկած մնանք: Մենք պետք է միշտ շարժվենք դեպի մեր առջև դրված նպատակը: «Ուստի մենք էլ, տեսնելով որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով, դե՛ն նետենք ամեն մի ծանրություն և մեզ հեշտությամբ թակարդ գցող մեղք ու համբերատարությամբ վազենք մեր առջև դրված մրցավազքը» /Եբրայեցիս 12.1/:
Վազի՛ր և մի՛ թուլացիր ու թույլ մի՛ տուր, որ այս կյանքի անհաջողությունները խլեն քեզնից Աստծո անակնկալները:
Լիլիթ Հարությունյան