Հենց միայն հնարավորության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն Աստծուց է: Ինչպես նաև, եթե մի անորոշ բաց դուռ կա, դեռ չի նշանակում, որ չպետք է դրանով ներս մտնել: Այստեղ կարևորն այն է, որ տարբերես՝ այդ հնարավորությունը, իրո՞ք, բաց դուռ է Աստծուց: Ես ինքս չեմ ուզում բաց թողնել որևէ բաց դուռ միայն այն պատճառով, որ վախենում եմ քայլ անել: Եվ նույնպես չեմ ուզում օգտագործել ինձ ընձեռած ամեն հնարավորություն՝ կարծելով, թե այդ բոլորն Աստծուց է: Ինչպե՞ս իմանալ՝ ո՞րն է Աստծուց: Աստվածաշունչը մեզ մի քանի սկզբունք է տալիս, թե ինչպես տարբերել՝ արդյո՞ք «բաց դուռն» իրապես Աստծուց է:

1. Բաց դուռը երբեք չի հակասում Աստծո Խոսքին

Շատ քրիստոնյաներ հնարավորություն են ունենում ավելի շատ գումար վաստակելու և այն ընդունում են Աստծո կողմից, թեև այդ  աշխատանքը մշտապես հետ է պահում նրանց եկեղեցու ժողովներից ու ծառայություններից: Համենայն դեպս, Աստծո խոսքը հորդորում է միասին հավաքվել ու փառաբանել (Եբր. 10.25): Որոշ կանայք էլ կարծում են, թե Տերն է հնարավորություն ստեղծում նրանց համար՝ կյանքը կապելու անհավատի հետ, մինչ այս մասին ևս Սուրբ Գիրքը հակառակն է պնդում (2 Կորնթ. 6.14):

Աստված քեզ երբեք չի տա այնպիսի հնարավորություն, որի մասին Սուրբ Գրքում Նա բացահայտ դեմ է խոսում:

2. «Բաց դուռն» ուղեկցվում է հաստատությամբ

Մատթ. 18.15-16 խոսքերում Հիսուսը սովորեցնում է՝ ինչպես վարվել, երբ քրիստոնյաները մեղք են գործում. «…Իսկ եթե չլսի, ապա քեզ հետ վերցրու մեկ կամ երկու հոգի, որ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան հաստատվի»:

Ես հավատում եմ, որ սա նույն կերպ վերաբերում է այն հարցին, երբ Աստված ցանկանում է իր խոսքը հաստատել: Նա Իր խոսքը կհաստատի «երկու կամ երեք վկայի բերանով»՝ լինեն դրանք աստվածաշնչյան խոսքեր, հովվի կամ որևէ հարգված մարդու խորհուրդ, ով առաջնորդվում է Սուրբ Գրքով կամ ինչ-որ իրավիճակ, որ որպես նշան կրկնվում է քո կյանքում: Աղոթքի և Աստծո խորհուրդը ուշադրությամբ հարցնելու միջոցով դու կկարողանաս հասկանալ՝ արդյո՞ք այդ «բաց դուռն» Աստծուց է, և հաստատող նշաններն, իրո՞ք, Աստծուց են:

3. Դուռը, որ Աստված կբացի, կպահանջի քո ամբողջ հույսն Իր վրա դնել

Աստված մեզ չի տա մի բան, որի արդյունքում մենք կմտածենք, թե Նրա կարիքը չունենք: Նա հարաբերությունների Աստված է, և Նա պահանջում է լինել մեր կյանքում առաջինը (Մատթ. 6.33):

Եթե դու ինքդ քեզ ասում ես. «Ես սա չեմ կարող անել, մինչև Աստված ճանապարհ չհարթի» կամ «ես չեմ կարող սա անել, միայն Աստված կարող է ինձ օգնել ու առաջնորդել», ուրեմն՝ իմ կարծիքով, դա նման է մի բանի, որ Աստված է կանչում, որ անես: Եբրայեցիս 11.6-ն ասում է. «Բայց առանց հավատքի անհնար է Նրան հաճեցնել, որովհետև Աստծուն մոտեցողը նախ պետք է հավատա, որ Նա կա, և Նա վարձահատույց է լինում իրեն փնտրողներին»: Շատ անգամ Աստծուց տրված «բաց դուռը» մի բան է, որ թույլ է տալիս, որ մեր հավատքն աճի ու զորանա: Ամեն բանից զատ Աստծո ձգտումն է, որ մենք հասունանաք հավատքի և Քրիստոսին նմանվելու մեջ:

Վերցրո՛ւ քո հնարավորությունը կամ «բաց դուռը» և խնդրի՛ր Աստծո հաստատումը Իր խոսքի, աստվածավախ մարդկանց խորհրդի և նաև քո որոշման խաղաղության միջոցով, և դու վստահություն կունենաս, որ պարզապես պատահական դուռ չես ընտրում, այլ ուշադրությամբ քայլում ես հենց այն մեկով, որով Նա է ուզում, որ անցնես:

Աղբյուրը՝ crosswalk.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.