Դարերի ընթացքում կինը, որպես հասարակության կարևորագույն մասնիկ, գտնվել է տարբեր իրավիճակներում: Հաճախ կինն անտեսված է եղել, նրան զրկել են սեփական կամք ունենալուց, ինքնուրույն որոշումներ կայացնելուց: Ինչպես գիտենք, մինչ այժմ որոշ երկրներում կանայք զրկված են անգամ իրենց ձայնի իրավունքից: Սակայն երբ նայում ենք արարչագործության պատմությանը, տեսնում ենք, որ ի սկզբանե կինը լիիրավ, խելացի ու ազատ կամք ունեցող մեկն էր: Աստված երբեք կնոջը չի տարանջատել Իր ծրագրերից, այլ ընդհակառակը՝ Աստվածաշնչում տեսնում ենք, որ շատ հաճախ կինը գտնվում է Աստծո ծրագրերի բաղկացուցիչ մասում: Մեզ այսօր կյանք է պարգևված, և այն պետք է ապրենք ըստ Տիրոջից մեզ տրված պատկերի և առաքելության:

Սիրելի՛ քույրեր, մեղքի պատճառով մենք կորցրել ենք Աստծո պատկերը և շեղվել մեր իրական առաքելությունից, բայց փառք Տիրոջն Իր ողորմության ու շնորհի առատության համար, որով մեզ կրկին մոտեցրեց Իրեն և Քրիստոսով հետ վերադարձրեց մեր՝ կին լինելու իրական արժեքները: Այսօր այն օրն է, որ մենք չպետք է շեղվենք մեզ Արարողի ճանապարհներից՝ Նրա կամքից: Իսկ Նրա կամքն է, որ մենք լինենք առաքինի ու զբաղեցնենք մեր տեղը՝ որպես կին, մայր և իր եկեղեցու մի մասնիկ:

Առաքինի կնոջը հատուկ են շատ աստվածային հատկություններ, բայց մենք այսօր կխոսենք խոհեմության մասին: Խոհեմությունը կամ իմաստությունը երկրային չէ, այլ իջնում է երկնքից՝ մեր երկնային Հորից․ «Եթե մեկը իմաստության պակաս ունի, թող խնդրի» /Հակոբոս 1.5/։

Խոհեմ բառի հոմանիշներն են՝ խելացի, իմաստուն, զգոն, շրջահայաց, զգուշավոր, նրբանկատ, հեռատես, աչալուրջ, ուշադիր:

Առակաց գիրքը խոհեմության մասին շատ հետաքրքիր համարներ ունի.

· Իմաստուն սիրտը խոհեմ կհամարվի-16.21,

· Խոհեմ կինը ծածկում է անարգանքը- 12.16,

· Խոհեմությունը կյանքի աղբյուր է- 16.22,

· Խոհեմ մարդը իմաստությամբ է վարվում-13.16,

· Խոհեմությունը շնորհք կտա- 13.5:

Խոհեմությունը մեր առջև բացում է դռներ դեպի մեր հարազատները: Մենք շնորհ ենք գտնում մեր ամուսինների (31.11), երեխաների (31.28) և եկեղեցու առջև:

Որպես խոհեմության լավագույն օրինակ՝ կարող ենք նայել Եսթերի կյանքը: Մինչ թագուհի դառնալը Եսթերն ու իր հարազատները գերի էին Ասորեստանում: Բայց նրա խնամակալը՝ Մուրթքեն, նրան մեծացրել էր Աստծո շնորհով: Նրա մասին ասվում է, որ նա միշտ հնազանդ էր Մուրթքեին այնպես, ինչպես վաղ հասակում: Երբ նրան տարան թագավորի պալատ, նա մյուսներից առավել շնորհ գտավ թագավորի ծառաների մոտ: Լինելով նրբանկատ՝ նա ավելին չպահանջեց ծառաներից: Ի հակառակ Վաշթի թագուհու՝ Եսթերն իր խոհեմությամբ շուտով դարձավ սիրված թագուհի /Եսթեր 2.17/: Երբ հրեաների կյանքը վտանգված էր, Եսթերն անտարբեր չմնաց այդ խնդրին: Նա, շատ իմաստուն ու հեռատես լինելով, ասաց Մուրթքեին, որ «առանց թագավորի կանչելու չի կարող մտնել նրա մոտ»: Եսթերը շատ զգուշություն և զգոնություն ցուցաբերեց՝ խնդրելով երեքօրյա ծոմ վերցնել: Իր խելացիության և շրջահայաց լինելու շնորհիվ խնդրանքն անմիջապես չհայտնեց թագավորին․ նա փորձում էր ավելի շատ ստանալ թագավորի բարեհաճությունը: Եսթեր թագուհին իր խոհեմությամբ և հնազանդությամբ փրկեց մի ամբողջ ժողովուրդ, Մուրթքեն դարձավ թագավորից հետո երկրորդ մարդը: Եսթերը երբևէ չանարգեց իր թագավորին, ինչպես դա նախկինում արել էր Վաշթի թագուհին:

«Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, Աստծուց վախեցող կինը կգովվի» /Առ. 31.30/։

Հասարակության, ընտանիքի և եկեղեցու մեջ կինն իր ուրույն տեղն է զբաղեցնում խոհեմության շնորհիվ: Մարդն իր խոհեմության չափ է գովվում (Առ. 12.8):Մենք ընդունված ենք այնքանով, որքանով որ խեհեմություն ենք ցուցաբերում մեր միջավայրում:

Սիրելի՛ քույրեր, եկեք խոհեմությամբ հասկանանք մեր ճանապարհները և ապրենք մեր կյանքն՝ ըստ Աստծո կամքի (Առակաց 31.28):

Անետա Սարգսյան

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.