«Լավ չէ, որ Ադամը մենակ լինի: Նրա համար մի հարմար օգնական ստեղծեմ...» /Ծննդոց 2.18/։

Առաջնային բաներից մեկը, որի համար մենք ստեղծվել ենք ու կանք, տղամարդու համար հարմար օգնական ու կյանքի ընկեր դառնալն է: Շատ հաճախ «օգնական» բառը մեզ բարկացնում է՝ կարծես տալով թերարժեքության զգացում, սակայն իրականում դա այդպես չէ: Մենք Աստծո գլուխգործոցն ենք՝ Նրա առջև կանգնելու և Նրան փառավորելու համար: Իսկ օգնական լինելը մեր կոչումն է և մեր ընտրվածությունը: Այն մի հանձնարարական է Աստծո կողմից մեր ամբողջ կյանքի համար:

Ինչպե՞ս և ինչո՞վ կարող ենք օգնել մեր ամուսիններին: Օգնել, որպեսզի նրանք լավագույնս իրականացնեն իրենց տան գլուխ լինելու պարտականությունը: Սիրելի՛ քույրեր, տղամարդիկ իրենց բնույթով միշտ արթուն են ու գործնական. նրանց միայն խոսքերը բավարար չեն․ մենք կարիք ունենք, միշտ նրանց կողքին լինելով, ապացուցել մեր սերը և հոգատարությունը գործերով:

Քո ամուսնուն շատ կօգնի այն, որ նա ամեն օր իմանա, որ դու իրեն շատ ես սիրում, որ քեզ հաճելի է նրա հետ, դու երջանիկ ես, որ նա քո կողքին է: Նրան՝ որպես քո գլուխ, անկասկած հարկավոր է քո հնազանդությունը՝ ոչ թե մասնակի, այլ՝ ամբողջական: Դանդաղորեն և ուշացած հնազանդությունը հավասարազոր է անհնազանդության: Սիրելինե՛ր, չլինենք կամակոր երեխաների նման, չհետաձգենք հնազանդությունը: Սիրո լավագույն ապացույցը հնազանդությունն է:

Քո ամուսինը կարիք ունի, որ դու ամբողջությամբ վստահես ու հավատաս նրան՝ որպես տան կառավարիչ, քաջալերես ու հավատ ներշնչես ամեն իրավիճակում: Այդպիսով նա ավելի պատասխանատվություն կվերցնի և որպես տան գլուխ կանի առավելագույնը, իսկ ձախողումներից էլ չի վախենա, որովհետև նրա սիրտը վստահ կլինի քեզ վրա, որ ճիշտ մոտեցում կցուցաբերես ցանկացած պարագայում:

Նա կարիք ունի, որ քո շրթունքները քաղցրությամբ բացես, արժանացնես նրան գովեստի: Նա պիտի զգա, որ իր անունը և պատիվը ամեն ժամանակ բարձր կպահես ընտանիքում և հասարակության մեջ: Գնահատի՛ր նրա ամեն մի արարքը և մի՛ խնայիր գովեստի խոսքեր: Հարգանքի արժանացրու նրան երեխաների մոտ: Սովորեցրու երեխաներիդ հարգել ու ակնածել նրանից: Դու և քո արարքները միակ ու լավագույն օրինակն են նրանց համար:

Քո կարողությունների օգտագործումը նրան կուրախացնի, և նա իրեն միայնակ չի զգա ընտանեկան և եկեղեցական կյանքում: Որպես հարմար օգնական՝ արա այն, ինչ-որ պիտի անես և մի՛ փորձիր նրա տեղը զբաղեցնել և որոշումներ կայացնել կամ էլ նրան ուղղորդել ընտանիքում: Օրինակելի և Աստծուն հաճելի ընտանիք կլինեք այն դեպքում, երբ ամեն մեկդ ձեր տեղը զբաղեցնեք:

Անետա Սարգսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.