Մերձավոր Արևելքի կրոնական ազատությունը կարող է սահմանափակվել Քաբուլի անկմամբ
Միջազգային քրիստոնեական միությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի օգոստոսի 15 -ին Աֆղանստանի Քաբուլ քաղաքի անկումը հարուցում է կրոնական ազատությունների նոր մտահոգությունների ալիք Մերձավոր Արևելքում․ հաղորդում է christiannews.net-ը։
Բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, որոնցից շատերին աջակցում է Թուրքիան, հրապարակայնորեն մեկնաբանեցին, որ Աֆղանստանի մայրաքաղաքի նվաճումը թալիբների կողմից տարածաշրջանային ամբողջության հույս է ներշնչում նրանց, ինչը հնարավոր է իրականացնել տեղի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու միջոցով:
Իրաքի քրիստոնյաներն անհանգստացած են, քանի որ, հաշվի առնելով այս իրողությունը և ներկայիս քաղաքական մթնոլորտը, իրենց երկիրն այս առումով հետ չի մնում Աֆղանստանից:
Միաժամանակ Սիրիայում մի քանի մզկիթներ տոնեցին «Թալիբանի» հաղթանակը: Թուրքիան իր հերթին ակտիվորեն հավաքագրում էր Սիրիայի ահաբեկիչներին՝ դեպի Աֆղանստան ուղարկելու համար:
Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործումը նրանց «արդյունավետորեն» վերածել է տարածաշրջանային հիմնական գերտերության՝ էական ազդեցություն թողնելով բազմաթիվ երկրներում: Նախագահ Էրդողանը ակտիվորեն շփվում էր թալիբների հետ՝ ասելով. «Թուրքիան չունի և ոչ մի պատճառ նրանց գործունեությանը հակասելու համար»: Անցած չորեքշաբթի օրը նա հրավիրեց թալիբներին Թուրքիա՝ ասելով. «Մենք բանակցությունների մեջ ենք Թալիբանի հետ, և ես պատրաստ եմ անգամ ընդունել Թալիբանի առաջնորդին»:
Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ընդունումը և նրանց հետ ինտեգրումը հանգեցնելու է տարածաշրջանում կրոնական ազատության վատթարացման: Թուրքիայի ազգայնական կուսակցությունը, որը քաղաքական դաշինք ունի իշխող կառավարության հետ և կապված է «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման հետ, տարածել է մի հայտարարություն. «Մեր հարյուրամյա պատմությունը, մշակութային և կրոնական կապերը Թուրքիայի և Աֆղանստանի միջև պատճառն են Քաբուլում մեր ներկայության ու աջակցության ... Աֆղանստանը մահմեդական երկիր է»:
Որպես աշխարհի ամենաշատ փախստականներ ընդունող երկիր՝ շատ քրիստոնյաներ, հալածանքներից խուսափելու համար, փախնում են Թուրքիա: Աֆղանստանի հետ կապված ճգնաժամն իր հերթին ազդանշան է, որ Թուրքիայի քրիստոնյա փախստականների դեմ հնարավոր է ճնշումներ սկսվեն, այդ իսկ պատճառով նրանք կարիք ունեն տեղահանման:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը