Հոր խոսքի զորությունը․․․
Վերջերս մի պատմություն էի կարդում Իսպանիայի Մադրիդ քաղաքում գտնվող մի ընտանիքի մասին: Հայրը վիճել էր դեռահաս տղայի հետ: Իրենց հարաբերությունները մշտապես հարթ չէին եղել, բայց հետո տղան այնպիսի սարսափելի բաներ էր ասել, որ նրանք պետք է ընտրություն կատարեին՝ նրան տանից հեռացնելու: Սակայն վերջին պահին հայրը նրան փորձել էր հետ պահել, բայց տղան չէր համաձայնել:
Սա խզված հարաբերությունների սարսափելի պատմություն է: Հայրը ողջ Իսպանիան ոտնատակ տվեց՝ փնտրելով որդուն, այնուհետև ինչ–որ լուրեր նրան հասան, թե տղան կարող է Մադրիդում լինել, ուստի հայրը գնաց Մադրիդ: Քաղաքը հսկայական էր, այնպես որ նա ոչ մի տեղ չկարողացավ գտնել իր որդուն: Նա որոշեց վերջին ջանքերը գործադրել: Նա թերթում գովազդ տեղադրեց, որում ասվում էր. «Պակո՛, սա քո հայրն է: Ես քեզ սիրում եմ. ամեն բան քեզ ներված է: Արի՛ տուն»։ Նա նշել էր նաև, որ գովազդի ցուցադրումից երկու օր հետո կսպասի լրատվական կրպակի մուտքի մոտ:
Նա հայտարարությունը տեղադրեց թերթում, իսկ հետո սպասեց:
Նշանակված օրը հայրը գնաց լրատվական կրպակի մոտ: Ըստ տվյալների՝ Պակո անունով ավելի քան 800 երիտասարդ է ներկայացել: Ութ հարյուր երիտասարդ ասում էին. «Եթե միայն հայրս օգնության ձեռք մեկներ ինձ: Եթե հայրս ասեր, որ ներված եմ, եթե հայրս ինձ կանչեր, ամեն ինչ այլ կերպ կլիներ»:
Ես ուզում եմ խնդրել այս նյութը ընթերցող հայրերին լինել այդպիսի հայր: Դա արեք ձեր երեխաների հեռանալուց առաջ, լա՞վ: Թո՛ղ իմանան, որ սիրված են: Թո՛ղ նրանք իմանան, որ դուք հպարտ եք նրանցով: Օրհնության խոսքեր ասեք նրանց: Երիտասարդ տղամարդկանց համար հայրը՝ նրանց հետ տղամարդկության մասին հաճախ խոսելով, տալիս է նրանց վստահության և ուժի զգացում: Հայրը նրանց հիանալի զգացում է տալիս, թե ովքեր են նրանք Քրիստոսի մեջ:
Սա Աստծո սիրտն է, որը մատնանշում է Պողոսը. «Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. Ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. Եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ,եւ ես ձեզ հայր կ’լինիմ. Եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը» (2 Կորնթացիներ 6.16–18):
Նա փնտրում է մեզ, Նա մեր սրտերում է և մեզ ասում է այն ճշմարտությունը, թե ովքեր ենք մենք Իր համար:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org