Աշխարհը երբեք չի գնա դեպի Քրիստոսը, եթե տեսնի, որ քրիստոնյան ապրում է աշխարհիկ կյանքով, բայց աշխարհը կձգվի դեպի Քրիստոսը, եթե քրիստոնյայի մեջ տեսնի Նոր Կյանք և արմատական փոփոխություն, որը Քրիստոսը հիանալի կերպով կատարում է քրիստոնյայի կյանքում:

Եղե՞լ են դեպքեր, երբ փորձել եք նմանվել աշխարհին, որպեսզի շահեք աշխարհը: Վերջերս սոցիալական էջերում հանդիպեցի նկարների, որտեղ ծանոթ քրիստոնյա երիտասարդներ երեկույթի ընթացքում խմում են ալկոհոլային խմիչքներ և լսեցի, որ հիմնական պատճառներից մեկն այն էր, որ այդ կերպ փորձում են կորսված մարդկանց ցույց տալ, որ քրիստոնյա դառնալով՝ նրանք ստիպված չեն լինի հրաժարվել այդ բոլոր բաներից:

Ես այս կասեմ ձեզ՝ եթե դուք փորձում եք հնարավորինս նրանց նման ապրել, որպեսզի ցույց տաք, թե դառնալով քրիստոնյա կարելի է ապրել կորսվածի պես կամ մոտ այդ գծին, ապա դուք չեք կարող նախատել խավարը, քանզի դուք ինքներդ մասնակցություն ունեք դրա մեջ և չեք կարող լույս լինել այդ խավարում: Գիտե՞ք, թե հետո ինչ կասեն այդ մարդիկ՝  նրանք մեզ նման են, մեր արածի մեջ ոչ մի վատ բան չկա:

Դուք չպետք է ցույց տաք, որ քրիստոնեությունը դժբախտություն կամ թշվառություն չէ: Եթե դուք ցանկանում եք ցույց տալ նրանց իրական երջանկությունը, ապա պետք է նրանց ցույց տաք, որ երջանիկ եք Քրիստոսով և ոչ թե ալկոհոլի շշով: Ոչ թե արբեցեք շշով, այլ՝ Հոգով:

Աշխարհը վազում է դեպի մեղքը, և եթե մենք էլ անենք այն, ինչ նրանք, ապա ի՞նչ, դրանով ի՞նչ կարող ենք բացահայտել աշխարհի համար: Ո՛չ մի նոր բան: Նմանվելով աշխարհին՝ մենք դադարում ենք նման լինել Քրիստոսին, իսկ եթե մեր կյանքը նման չէ Քրիստոսին, ապա մենք դադարում ենք քարոզել Քրիստոսին:

Մի՞թե Աստված կասի՝ Ինձ մոտ մի՛ արի, այլ գնա՛ այնտեղ, խմի՜ր որքան հրարավոր է շատ, որպեսզի ցույց տաս նրանց, թե քրիստոնյա լինելով՝ դուք ստիպված չեք հրաժարվել այս ամենից, ո՛չ, ընկե՛րս, Աստված ասում է, որ լույս լինես խավարի մեջ: Մեղքը չի՛ կարող մաքրել մեղքը, խավարը չի՛ կարող ցրել խավարը:

Չպետք է լույս լինել միայն եկեղեցում, այլ այնտեղ՝ աշխարհի մեջ, մեր քաղաքում, մեր բակում: Գիտե՜ք՝ երկնքում մենք կտեսնենք մեր քաղաքից շատերին, գիտեք՝ ինչո՞ւ,  որովհետև Աստված Իր զավակների միջոցով լույսն ուղարկեց նաև այնտեղ: Լինել լույս աշխարհի մեջ, ձեր շրջապատի մեջ՝ դառնալով օրհնություն: Այո՛, վերադառնալ այնտեղ և լինել օրհնություն՝ ցույց տալով ոչ թե քո հին մարդուն, այլ՝ Նոր Մարդուն: Այո՛, մենք կարող ենք անել ամեն բան, բայց չենք անում, քանզի Քրիստոսով ազատ ենք այդ կապանքներից:

Դուք կարող եք գրավել աշխարհը՝ ցույց տալով Նոր Մարդուն՝ Քրիստոսում վերածնված, ազատ բոլոր կապանքներից, Հոգով լեցված, իրական երջանկությունը գտած: Ահա այսպես շահել աշխարհը՝ լույս լինելով խավարի մեջ:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուրը՝ illbehonest.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.