Համառորեն աղոթե՛ք․ Ջոյս Մայեր
«…չունեք, որովհետև չեք խնդրում» (Հակոբոս 4.2)։
Գրեթե քսան տարի առաջ այս խոսքը փոխեց իմ կյանքը: Չունեք, որովհետև չեք խնդրում Աստծուց: Այս կարճ խոսքը ինձ համար դուռ բացեց՝ համառ աղոթքի կյանք փոխող զորությունը հայտնաբերելու համար:
Իմ կյանքի այդ ժամանակահատվածում ես շարունակ լարվածության մեջ էի մի շարք տարբեր բաների պատճառով: Ես փորձում էի այնպես անել, որ իմ ծառայությունն աճեր, որ ամուսինս այս կամ այն բանն աներ, որ երեխաներս որոշակի վարքագիծ դրսևորեին, որ մարդիկ անեին այն, ինչ ես ցանկանում էի։ Մի խոսքով՝ փորձում էի հիմնականում ամեն ինչ բացարձակապես իմ ուժերով և իմ ուզածով անել: Ինչպես հավանաբար կռահում ես, դա չէր գործում:
Ես՝ որպես սպառված, հուսախաբված երիտասարդ քրիստոնյա, մի օր հասկացա, որ սեփական ուժերով ապրելն անօգուտ է: Ես կարիք ունեի իմ խնդիրներն Աստծո մոտ տանելու: Այլ խոսքով՝ կարիք ունեի ավելի շատ աղոթելու:
Երբ մենք հասկանում ենք Աստծո սերը և Նրա ծրագիրը մեզ համար, սկսում ենք գիտակցել այն դռները, որոնք Նա ցանկանում է բացել մեզ համար: Բայց մենք կիմանանք այդ բաները միայն այն ժամանակ, երբ մշտապես խոսենք Նրա հետ, լսենք Նրա ձայնը և ավելի խոր հարաբերություններ կառուցենք Նրա հետ:
Մատթեոսի 7.7-ում Հիսուսը մեզ ասում է. «Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ. որոնեցե՛ք և կգտնեք, դուռը թակեցէ՛ք և կբացվի ձեզ»:
Շատ անգամ մենք, երբ այլևս ոչ մի հնար չկա, դիմում ենք աղոթքին, բայց երբ մեր աղոթքներն անմիջապես չեն պատասխանվում, հանձնվում ենք: Այսօր ես ուզում եմ քաջալերել քեզ ոչ միայն աղոթել, այլև աղոթել համառորեն: Մի՛ լարվիր՝ փորձելով քո ուժերով ստիպել, որ ինչ-որ բան տեղի ունենա: Երբ աղոթում ես, ամեն բան հանձնի՛ր Աստծուն:
Հիշի՛ր, Նա խոստանում է, որ երբ փնտրենք, կգտնենք Իրեն: Ե՛կ աղոթենք ու փնտրենք Նրան մեր ամբողջ սրտով:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, հիշեցրո՛ւ ինձ, որ իմ խնդիրները պետք է բերեմ Քեզ մոտ: Ես հոգնել եմ իմ սեփական ուժերով ապրելուց: Ես Քո առաջնորդության և ուղղության կարիքն ունեմ: Ես կապավինեմ Քեզ՝ ամեն օր Քեզ փնտրելով: