Հունիսի 1. Երեխաները երկնային պարգև
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երեխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին՝ Ժնևում: Հայաստանը «Երեխաների մասին կոնվենցիան» վավերացրել է 1992 թվականին, որից հետո՝ 1996 թվականին, ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Այո՛, երեխաները պաշտպանված են օրենքով, պաշտպանված են իրենց ընտանիքում, բայց որքան էլ փորձենք, անհնա՛ր է ամեն րոպե ապահովել երեխայի պաշտպանությունը: Ամենամեծ և հոգատար Պաշտպանը երեխաների համար Տերն է: Յուրաքանչյուր ծնող կարիք ունի ամեն օր աղոթքով հանձնել իր բալիկին Ամենակարողի պաշտպանությանը:
Մենք գիտենք, թե որքան է Աստված գնահատում և սիրում փոքրիկներին: Աստծո Խոսքից բոլորիս հայտնի է այն պատմությունը, երբ աշակերտները փորձում էին արգելել երեխաներին գալ Հիսուսի մոտ՝ կարծելով, թե կխանգարեն Նրան, բայց ի՜նչ ասաց մեր Տերը. «Թույլ տվեք այդ երեխաներին՝ և դրանց մի արգելեք ինձ մոտ գալ» (Մատթեոս 19.14):
Երեխաները կարիք ունեն Հիսուսի մոտ գնալու, և Տերը սպասում է նրանց: Աստված շատ է կարևորում փոքրիկներին՝ Նրանց անվանելով պարգև երկնքից:
Սիրելի՛ ծնողներ, իսկապես ամեն երեխա պարգև է մեր երկնային Հորից: Եվ ամեն փոքրիկ մեր Տիրոջ ուշադրության կենտրոնում է, վստահե՛ք Նրան ձեր բալիկների կյանքը այս չար աշխարհում և փայփայեք այն, ինչ մեր Տերը վստահել է մեզ:
Շնորհավո՜ր Հունիսի 1...
Քրիստինե Աթոյան