Զորություն՝ Սուրբ Գրքի համեմատ ապրելու, երբ անհնարին է թվում...
«Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությւոնը, որ կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին» (Եփեսացիս 6.11):
Ես գիտեմ՝ ինչ է նշանակում լինել այնքան վիրավորված, որ Սուրբ Գրքի պատվիրած ներելու մասին անգամ մտածելը դաժան թվա: Ինչպե՞ս կարող եմ ես ներել Կողոսացիս 3.13-ի պատվերի նման, երբ ինձ այնպես են ցավեցրել, որ վախենամ՝ երբեք ինձ առաջվա պես լավ չեմ զգա: Իսկ ինչպե՞ս ես լինեմ շնորհառատ և կարեկցող կին, երբ ցավը թվում է՝ չի դադարի, ինձ ցավեցնողներն էլ իրենց պահում են այնպես, կարծես փոքր բան են արել:
Այս հարցերը գլխում պտտվում են ցավի ու կորուստի ժամանակ, և խելագարություն է թվում մտածելը, որ անգամ այս իրավիճակներում պետք է շարժվել Սուրբ Գրքի համեմատ:
Եվ հենց այստեղ է, որ ես պետք է հիշեմ, որ ճշմարտությունը հռչակելն ու ապրելն ամենաճիշտ զենքն է չարիքի դեմ: Ճշմարտությունն ասում է, որ ես ունեմ թշնամի: Բայց դա մարդը չէ, ում ընտրություններն ինձ մեծ ցավ պատճառեցին: Այո՛, մարդիկ են ընտրում մեղանչել մեր դեմ կամ ոչ: Եվ իհարկե՛, մեզ ցավեցնելով նրանք ինքնակամ թշնամու ծրագիրն են իրագործում: Ես հիշում եմ, որ Պողոս առաքյալն Եփեսացիս 6.10-13 խոսքերում սովորեցնում է, որ մարդը չէ մեր իրական թշնամին: Սատանան իրական է, և նա դեմ է ամեն բարի բանի: Նա ատում է «միասին» բառը: Եվ նա հատկապես աշխատում է հարաբերությունների դեմ: Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ մենք կկարողանանք ընդդիմանալ թշնամու հնարքներին: «Կկարողանանք» բառը հունարենում նշանակում է «մենք զորավոր ենք, ունենք զորությունը»: Երբ հակառակորդը մեր մեջ դժվարություններ է առաջացնում, գուցե մեզ անզոր ենք զգում, բայց այդպես չէ: Գաղտնիքը սրա մեջ վստահ լինելն է և իմանալը, թե որտեղից է գալիս այդ զորությունը:
Աստված մեզ չի կանչել, որ մենք զորությունը ինքներս մեր մեջ գտնենք և հաղթահարենք դժվարությունները: Եփեսացիս 6.10-ում գրված է, որ ուժեղ լինենք Տիրոջով և Նրա զորությունով, քանի որ Աստծո զորությունը, որ Քրիստոսին հարություն տվեց մահից, ապրում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով (Եփեսացիս 1.19-20):
Ուրեմն՝ հարցը զորության մեջ չէ, այլ՝ դրա հանդեպ ունեցած մեր վստահության, որ շատ անգամ ազդում է մեր կամքի վրա, որ բախումների ժամանակ Աստծո խոսքի համեմատ վարվենք:
Երբ չեմ ուզում Աստծո Խոսքի համեմատ վարվել մեկ ուրիշի հետ, բայց անում եմ այն, ինչ Աստված է ասում, թշնամին պարտվում է: Շատ ժամանակ ցավը թույլ չի տալիս գործակցել աստվածային ցուցումների հետ: Բայց չկա ավելի հզոր մարդ, քան նա, որ ապրում է այնպես, ինչպես Աստված է սովորեցնում:
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը