Որտե՞ղ է ձեր զենքը. Դանիել Կոլանդա
Որտե՞ղ է գտնվում ձեր զենքը: Պողոսը գրում է.« Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը» (Բ Տիմոթեոս 1.6): Նա հրահանգում է՝ «արծարծիր»: Այս խոսքը կապ ունի կրակի հետ՝ կրակ վառել այրելու համար ածուխները: Այն նշանակում է «վառվել», «կրակ վառել»: Մի՛ սառեք: Վառե՛ք կրակ: Փչե՛ք մարած ածուխների վրա: Աստծո Խոսքը և Հոգու պարգևները մեր զենքն են թշնամու գրոհների դեմ: Այդ պարգևները նկարագրված են Ա Կորնթացիս 12.1-11-ում.
«1Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չ’գիտենաք։ 2 Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։ 3 Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։ 4Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։ 5Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։ 6 Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։ 7 Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։ 8 Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. Եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։ 9Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։ 10Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. Ուրիշին լեզուների թարգմանութիւններ։ 11 Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է»:
Հոգու պարգևները մեր զենքն է, և սատանան ներդրել է բոլոր ուժերը, որպեսզի քրիստոնյաները դադարեն դրանք օգտագործել: Բնական պարգևները շատ արժեքավոր են, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել Սուրբ Հոգու պարգևներին՝ տրված մեզ Աստծուց, և որ ամենակարևորն է՝ դրանք չի կարելի շփոթել: Օրինակ՝ շատ եկեղեցականներ ու բժիշկներ հանդես են գալիս աստվածային բժշկությանը հակառակ: Նրանք տարածում են նրանց պատմությունները, ովքեր «հիասթափված են» և չեն բժշկվել ակնթարթորեն: Նրանց ձեռնտու է մոռանալ, որ բժիշկներն ամեն օր հիասթափեցնում են միլիոնավոր մարդկանց: Փաստացի ամեն մարդ, ով հիմա գերեզմանում է, սկզբում այցելել է բժշկի, բայց ոչ մեկ այդքան հիմար չի գտնվի, որ պահանջի փակել հիվանդանոցները: Ուրիշներն աստվածային բժշկությանը հակառակ են հանդես գալիս այն պատճառով, որ անձամբ չեն բժշկվել և դրա համար ընդհանրապես չեն ծառայում հիվանդ մարդկանց: Այդ պատճառով մարդիկ մնում են չբժշկված:
Որտե՞ղ է կարեկցանքն ու հնազանդությունը Խոսքին: Որոշ քրիստոնյաներ քննադատության պատճառով թողել են իրենց նետ ու աղեղներն՝ անկյունում փոշոտվելու (իրենց պարգևները, իրենց հոգևոր զենքը): Նրանք նվաստացրել են զենքը՝ տրված իրենց Աստծուց, և ընդունել են պարտություն մարդկանց առջև վախի պատճառով: Այլ մարդիկ գուցե վիրավորվել են ուրիշ հավատացյալների դիտողություններից և թողել են իրենց պարգևները: Նրանք «կորցրել են» դրանք՝ չնայած Աստված երբեք դրանք հետ չի վերցրել, «որովհետեւ Աստուծոյ շնորհքը եւ կոչումը զղջալ չ’ունի» (Հռոմեացիս 11.29):
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը
Աղբյուրը՝ facebook.com