Խրամատ բացողը նրանց առջևից է գնալու. Չարլզ Սպերջեն
«Խրամատ բացողը նրանց առջևից է գնալու» (Միքիա 2.13)
Քանի որ Հիսուսն անցել է մեր առջևից, իրերի դասավորությունը լիովին փոխվել է: Ուժերի դասավորությունն այլ է դարձել. Նա կործանել է ճանապարհը փակող ամեն հակառակորդի: Քաջացի՛ր, վախկո՛տ մարտիկ. Քրիստոսը ոչ միայն անցել է քեզ սպասվող ասպարեզը, այլև հաղթել է քո թշնամիներին:
Վախենո՞ւմ ես մեղքից: Նա այն խաչին է գամել: Վախենո՞ւմ ես մահից: Նա այն ոտնատակ է արել մահով: Վախենո՞ւմ ես դժոխքից: Նա փակել է այնտեղի մուտքը, և դու հավիտյան չես տեսնի կործանման գուբը: Ինչ թշնամիներ էլ որ հանդիպեն քրիստոնյաներին, նրանք բոլորը պարտության են մատնված: Նրանց շարքում կան առյուծներ, բայց նրանց ժանիքները կոտրած են, թունավոր օձեր, բայց նրանց թույնն անզոր է, ջրային խոչընդոտներ, բայց կառուցված են կամուրջներ, կրակի բոցեր, բայց մենք կրում ենք հատուկ հագուստ: Մեր դեմ պատրաստված սուրն արդեն բթացել է: Թշնամու պատրաստած զենքն արդեն մահացու չէ: Աստված Քրիստոսի անձում վերացրել է ամեն ուժ, որ կարող է մեզ գրավել:
Այսպիսով՝ Քրիստոսի զորքը կարող է անարգել շարունակել առաջընթացը: Դու կարող ես ուրախությամբ առաջ շարժվել, քանի որ քո թշնամիներն արդեն ջախջախված են: Միակ բանը, որ քեզ մնում է անել՝ հավաքել զարմավարը: Թշնամին նվաճված, ջախջախված, ոչնչացված է. մնացել է միայն կիսել ավարը: Դու անշուշտ ստիպված կլինես մարտնչել, բայց ամեն անգամ դա կլինի մարտ՝ պարտված թշնամու դեմ: Թեև նա կոտրված է, կփորձի վիրավորել քեզ, սակայն նրա ուժն ակնհայտորեն բավարար չէ այդ չարակամ մտադրության համար: Քո հաղթանակը կլինի հեշտ, իսկ գանձդ՝ անգին:
Խրամատ բացողը մեր Տերն է, փառաբանե՛ք Նրան:
Նա այդ անունը վաստակել է, անկասկած է, իրավամբ,
Եվ Նա զուր չէ, բնավ զուր չէ, հավատացե՛ք կրում այն,
Ավերելով մեղք ու դժոխք անխնա, իշխանությունը մահվան: