Սիրելի՛ մայրեր, հիշե՛ք՝ որքան էլ որ դուք հոգնեք, Աստված ձեր երկնային Հայրն է, Ով կարող է հասկանալ ձեզ և նորոգել կորցրած ուժերը:

Ահա մի քանի Աստծո խոստումներ մայրերին, որ գրված է Աստվածաշնչում:

«Ինչպէս որ մէկ մարդ՝ որին իր մայրը կմխիթարէ, նոյնպէս էլ ես պիտի մխիթարեմ ձեզ…» (Եսայի 66.13):

Երբ թվում է, թե դուք միակն եք, ով հոգ է տանում իր ընտանիքի հուզական կարիքների մասին, հիշե՛ք, որ Աստված Ինքը կմխիթարի ձեզ: Նա կարող է բավարարել ձեր ընտանիքի կարևոր կարիքները:

«Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22.6):
Սա շատ հուսադրող է մայրերի համար, ում երեխաները հայտնվել են վատ իրավիճակում: Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե մեծացնենք մեր երեխաներին՝ սովորեցնելով ապրել Աստծո պատվիրաններով, ապա Աստված կօգնի նրանց գտնել ճիշտ ճանապարհը կյանքում, անգամ եթե նրանք շեղվեն ճանապարհից:

«Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կ’տեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կ’ուրախանայ. Եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից» (Հովհաննես 16.22):

Յուրաքանչյուր մայր տխուր ժամանակահատվածներ է ունենում, և շատերը բախվում են վշտի: Աստծո կամքն է, որ այդ վիշտը չլինի հարատև: Այն կարող է տևել ինչ-որ ժամանակ, բայց հետո նորից կվերադառնա ուրախությունը: Հավատացե՛ք այս խոստմանը վշտի ժամանակ և ստացե՛ք մխիթարություն Աստծուց:

«Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. Որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կօգնեմ քեզ» (Եսայի 41.3):

Լինում են պահեր, երբ մայրերը  պետք է կռվեն վախերի ու անհանգստությունների դեմ: Մի՛ տրվեք վախերին: Աստված կօգնի ձեզ ու կուղղորդի:

«Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34.18):

Յուրաքանչյուրիս սիրտը ցավում է, երբ խոսքը վերաբերում է մեր երեխաներին անկախ այն բանից՝ վիրավորե՞լ են մեզ նրանք, թե՞ մտահոգ ենք նրանց հետ տեղի ունեցածից: Կարիք չկա միայնակ հաղթահարելու այդ տխրությունը: Աստված մոտ է մեզ այդ պահերին, և մենք կարող ենք հանձնել մեզ ու մեր երեխաներին Նրա ձեռքերի մեջ: Բեռը մի՛ կրեք միայնակ: Թույլ տո՛ւր Երկնային Հորը կողքիդ լինել:

«Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4.6-7):

Աղոթքը մայրիկի լավագույն ընկերն է: Պայքարե՛ք կռվում ծնկների վրա, ոչ թե բռունցքներով կամ կոպտությամբ: Ամեն պարագայում մի կողմ դրե՛ք անհանգստությունը և փնտրեք Աստծուն: Եվ խաղաղություն կունենաք, որը չեք կարող ստանալ ուրիշ ճանապարհով:


«Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» (Գաղատացիս 6.9):

Մամանե՛ր, չհանձնվե՛ք: Երբ հոգնել եք ու ձեր փորձերը թվում են անպտուղ, հիշե՛ք, որ հունձքն առջևում է: Խնդրե՛ք Աստծուն նորոգել ձեր ուժերը, առաջ գնացե՛ք, և ինքներդ կզարմանաք, թե ինչ է Աստված պատրաստել ձեզ համար:

Աղբյուրը՝ facebook.com

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.