Ձեզ․․․ Ինձ մոտ բերեցի. Ջոն Բիվեր
Եգիպտոսից դուրս գալուց անմիջապես հետո Մովսեսն առաջնորդեց Իսրայելին դեպի Սինա սարը՝ միևնույն վայրը, որտեղ նա հանդիպել էր Աստծուն մորենու մոտ։ Երբ նրանք տեղ հասան, Աստված կարգադրեց Մովսեսին՝ ասել մարդկանց․
«Դուք տեսաք՝ ինչ որ արի եգիպտացիներին, և ձեզ արծվի թևերի վրա տարա և Ինձ մոտ բերեցի» (Ելից 19․4):
Կարդացե՛ք Նրա խոսքերը․ «․․․ձեզ․․․Ինձ մոտ բերեցի», և մտորե՛ք դրանց շուրջ։ Այս խոսքերի իրական իմաստն ապշեցուցիչ է։ Աստված՝ տիեզերքի Արարիչը, պարզ ասեց, որ Իսրայելին Եգիպտոսի ստրկությունից դուրս բերելու գլխավոր նպատակը բոլորին Իր մոտ բերելն էր։
Մենք պետք է հիշենք, որ Աստված հաղորդակցվող է և Հոր սիրտ ունի։ Նա միշտ այսպիսին է եղել և միշտ էլ լինելու է։ Նա փափագում է ճանաչել Իր զավակներին, ինչպես որ ամեն հայր կամ մայր ձգտում է փոխհարաբերություններ կառուցել իր նորածին երեխայի հետ։
Աստված Իրեն հայտնեց Մովսեսին մորենու մոտ․ Նա տվեց Մովսեսին Իր ներկայությունը ճաշակելու արտոնությունը։ Միայն այդ վերապրումն այնպիսի՜ ախորժակ ստեղծեց Մովսեսի մեջ, որ այդ հանդիպումը նշանակալի ազդեցություն գործեց նրա վրա և անխախտ կերպով կարգավորեց նրա ներքին տեղորոշման համակարգը։
Մովսեսը ցանկանում էր, որ Իսրայելը վերապրեր նույնը, բայց ապշեցուցիչն այն է, որ Աստված նույնպես ցանկանում էր դա. «Դուք հատուկ եք․ քահանաների թագավորություն, սուրբ ազգ։ Ես հենց սա եմ ցանկանում, որ ասես Իսրայելի ժողովրդին» (Ելից 19․5-6):
Ամբողջ ժողովուրդը հատուկ էր Նրա համար, և Նա ցանկանում էր, որ նրանցից ամեն մեկը քահանա լիներ, որ նրանք լինեին այնպիսի մարդիկ, ովքեր կարող էին անմիջական մոտենալ Իրեն՝ իրենց կամ այլ մարդկանց համար։ Ըստ էության, Նա ծածուկ, ներքին շփում էր առաջարկում նրանց։ Ինչպիսի՜ արտոնություն։
Աստված իջավ սարի վրա երրորդ օրը, ինչպես որ խոստացել էր, բայց մարդկանց արձագանքը պարզապես տրտմեցնող էր։ Նրանք ետ քաշվեցին Նրանից մոտենալու փոխարեն։ Նրանք աղաղակեցին Մովսեսին․ «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Բայց թույլ մի՛ տուր, որ Աստված խոսի մեզ հետ, այլապես մենք կմեռնենք» (Ելից 20․19):
Իսրայելի ժողովուրդը չէր կարողանում դիմանալ Աստծո ներկայությանը, որովհետև Եգիպտոսը դեռ նրանց սրտում էր։ Նրանք դեռ սիրում էին իրենց շահերն ավելի, քան՝ Աստծունը։ Նրան մտերմորեն ճանաչելը նրանց առաջնահերթությունների ցուցակում չէր։ Նրա հայտնված ներկայությունը պարզապես բացահայտեց նրանց ներքին տեղորոշման համակարգի կարգավորումները՝ այն, ինչը նրանք չէին ցանկանում փոխել։
«Բարի՞, թե Աստված» գրքից