«Ես ձեզ հետ եմ ամեն օր» (Մատթեոս 28.20)

Լավ է,  որ կա Նա, Ով «հավիտյան Նա է», Ով անփոփոխ կերպով մեզ հետ է: Ուրախալի է, որ առօրյա կյանքի ալիքների մեջ կա անխորտակելի ժայռ:

Ընկե՛րս, քեզ համար ժանգոտող, ցեցին զոհ գնացող, հնացող գանձեր մի՛ դիզիր, այլ ամբողջ սրտով փնտրի՛ր Նրան, Ով հավատարիմ է մնում քեզ հավիտյան: Քո տունը մի՛ կառուցիր կեղծավոր աշխարհի երերացող ավազի վրա, այլ հույսերդ դի՛ր այդ ժայռի վրա, որը վրա հասնող տեղատարափների և ուժեղ հեղեղների մեջ չի դողա ու անսասան կմնա:

Ընկե՛րս, աղերսում եմ, գանձերդ պահի՛ր միակ ապահով վայրում, որտեղ երբեք չես կորցնի՝ Հիսուս Քրիստոսում: Քո ողջ սերը ուղղի՛ր դեպի Նրա անձը: Քո ամբողջ հույսը դի՛ր Նրա արժանիքների վրա, ողջ վստահությունդ՝ մաքրագործող արյան վրա: Քո ողջ ուրախությունն արտահայտի՛ր Նրա ներկայությամբ, և պիտի ծիծաղես կորուստների վրա և չես վախենա մահից:

Հիշի՛ր, որ այգիների ու պարտեզների բոլոր ծաղիկները թոշնելու են իրենց ժամանակից, և գալու է օրը, երբ ոչինչ չի մնալու՝ բացի սև ու սառը հողից: Մահվան ոսկրոտ ձեռքը շուտով կմարի նաև քո մոմը: Բայց, մոմը հազիվ մարած, ինչպիսի՜ երջանկություն կլինի արևի լույսը տեսնելը: Քո և այն ամենի միջև, ինչ ունես, շուտով սև հեղեղ է անցնելու: Միացրո՛ւ սիրտդ Նրա հետ, Ով երբեք քեզ չի լքի: Վստահի՛ր Նրան, Ով քեզ հետ կանցնի փոթորկոտ, նենգ ընթացքը, Ով քեզ անվնաս կհասցնի երկնային ափին և երկնքում հավիտյան կնստեցնի Իր աջ կողմում:

Գնա՛, տրտմությա՛ն որդի, և բոլոր ցավերդ թափի՛ր Ընկերոջդ առաջ, Որն ավելի կապված է քեզ, քան եղբայրը: Քո բոլոր հոգսերը վստահի՛ր Նրան, Ով երբեք չի թողնի քեզ ու թույլ չի տա, որ քեզ խլեն Իր ձեռքից: Այդ Ընկերը Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով «երեկ, այսօր և հավիտյան նույնն է»:

«Ես ձեզ հետ եմ ամեն օր» սա սնունդ է, որը հագեցնում է իմ հոգին: Մնացած բոլորը, եթե ցանկանում են, կարող են ինձ լքել:

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.