Սիրտ՝ բաց Աստծո խրատի համար. Դեյվիդ Ուիլքերսոն
Որոշ մարդիկ դժվարանում են ընդունել, որ սիրող Աստված կարող է նաև թույլ տալ մարդկային տառապանքներ։ Դավիթ թագավորն ասում է, որ իր տառապանքները գալիս են Աստծո ձեռքից.«Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ ... Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորի» (Սաղմոս 119.67, 71):
Դավիթը ցանկանում է ասել. «Հիմա ես գիտեմ, որ Տերը թույլ տվեց իմ ցավը, որպեսզի բուժի ինձ՝ իմ մեջ եղած բոլոր մեղքերից: Եթե Նա չդներ Իր երկյուղը իմ սրտում, ես այսօր այստեղ չէի լինի: Աստված գիտի, թե ինչ կա իմ սրտում, և Նա հստակ գիտի՝ ինչպես գրավել իմ ուշադրությունը»: Այն, ինչ ասում է Դավիթն այստեղ, կենսական ճշմարտություն է: Նա, ըստ էության, նկատի ունի. «Եթե մենք չտեսնենք, որ Տերը գործում է մեր խնդիրներում, եթե մենք չհավատանք, որ Նրա ձեռքերը արդարություն են գործում, այդ թվում մեզ բաժին հասնող ծանր իրավիճակները, մեր հավատքը կվերջանա, և մենք նավաբեկության կենթարկվենք»:
Պատկերացրեք վիրաբույժին և նրա օգնական խմբին, երբ նրանք պատրաստվում են վիրահատել քաղցկեղով հիվանդին: Վիրաբույժը գիտի, որ ուռուցքը չհեռացնելու դեպքում հիվանդը կմահանա: Այդ պատճառով նա կօգտագործի յուրաքանչյուր միջոց՝ քաղցկեղը հիվանդի մարմնից դուրս բերելու համար՝ անկախ նրանից, թե ինչ ցավ է պատճառում դա: Նա գիտի, որ իր վիրաբուժական աշխատանքը խորը ցավ կպատճառի, բայց անհրաժեշտ է փրկել կյանքը:
Նմանատիպ տառապանքների մեջ Աստծո ժողովրդի համար ճիշտ լուծումը «հետաքրքրասեր» սիրտն է: Սա այն սիրտն է, որ հարցնում է. «Տե՛ր, ի՞նչ ես փորձում ինձ հասկացնել սրանով: Արդյո՞ք ես անտեսել եմ Քո ձայնը»:
Սուրբ Հոգին երբեք չի ձանձրանում մեզ պատասխանելուց: Նա կարող է ասել. «Սա սատանայի որոգայթն է: Զգուշացի՛ր»: Կամ էլ առանց դատապարտման Նա կառաջարկի. «Հնազանդվի՛ր, և ամեն բան պարզ կդառնա»:
Երբ Աստված մեզ ցույց է տալիս այն, ինչ կա մեր սրտում՝ անհամբերություն, մեղք, «փոքր», բայց մահացու փոխզիջումներ, այս ամենը բերում են ծանր հետևանքներ փորձությունների ժամանակ: Ահա, թե ինչու է Դավիթն աղոթում. «Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը» (Սաղմոս 119.76-77):
Անկախ նրանից, թե ինչ խնդիրների միջով եք անցնում, Աստված միշտ ողորմած է ձեր նկատմամբ: Նա չի պատրաստվում դատապարտել կամ պատժել ձեզ, բայց ինչպես ցանկացած նվիրված հայր, Նա ասում է իր երեխաներին. «Թույլ տու՛ր օգնել քեզ այս հարցում և ցույց տալ Իմ սիրո խորությունը»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը