Աստծո ներկայությունը խաղաղ ժամին. Դեյվիդ Ուիլքերսոն
Աստված ասաց. «Իմ երեսը պիտի գնայ, եւ ես քեզ կհանգստացնեմ։ Եւ Մովսէսն ասեց նորան. Եթէ քո երեսը մեզ հետ չգնայ, մեզ այս տեղից մի հանիր» (Ելից 33.14-15):
Մովսեսը գիտեր, որ Աստծո ներկայությունն է, որ նրանց տարանջատում է մնացյալ բոլոր ազգերից: Սա ճշմարիտ է նաև Աստծո՝ այսօրվա ժողովրդի համար: Միակ բանը, որ մեզ առանձնացնում է անհավատներից, «մեզ հետ» եղող Աստծո ներկայությունն է, որն առաջնորդում է մեզ, իրագործում Նրա կամքը մեր մեջ և մեր միջոցով: Նրա ներկայությունը դուրս է մղում վախն ու տագնապը:
Մովսեսի վերաբերմունքն ըստ էության հետևյալն էր. «Մենք գործում ենք միայն մեկ սկզբունքով: Այս ժամանակներում մեզ առաջնորդելու և գոյատևելու միակ տարբերակը Աստծո ներկայությունն է մեր մեջ: Երբ Նրա ներկայությունը մեր մեջ է, ոչ ոք չի կարող ոչնչացնել մեզ: Բայց առանց Նրա մենք անօգնական ենք, ոչնչացված: Թող աշխարհի բոլոր ազգերը վստահեն իրենց հզոր բանակներին, երկաթե կառքերին և հմուտ զինվորներին: Մենք կվստահենք Տիրոջ ներկայությանը»:
Հիշե՛նք Ասա թագավորին, այն մարդուն, ով Աստծո ժողովրդին առաջնորդեց Եթովպիայի միլիոնավոր բանակի դեմ հրաշալի հաղթանակի: Նա վկայեց, որ Աստծո ներկայությունն էր, որը խոցել էր թշնամուն. «Եւ Ասան աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չլինի։ Եւ Տէրը զարկեց Եթովպացիներին Ասայի եւ Յուդայի առաջը, եւ Եթովպացիները փախան» (2 Մնացորդաց 14.11-12):
Երբ Ասան իր հաղթական զորքը վերադարձրեց Երուսաղեմ, մարգարե Ազարիան նրան դիմավորեց քաղաքի դարպասների մոտ հետևյալ հաղորդագրությամբ. «...Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նորա հետ էք. Եւ եթէ դուք նորան որոնէք, կգտնէք նորան, իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կձգէ։ Եւ շատ օրեր Իսրայէլը առանց ճշմարիտ Աստուծոյ, առանց ուսուցանող քահանայի, եւ առանց օրէնքի էր մնացել։ Բայց երբոր նա իր նեղութեան մէջ դարձաւ դէպի Իսրայէլի տէր Աստուծուն եւ նորան որոնեց, այն ժամանակ գտաւ նորան» (2 Մնացորդաց 15.2-4): Տերը հիշեցրեց Ասային. «Ասա՛, հենց իմ ներկայությունն էր, որ տվեց քեզ այս հաղթանակը. երբեք չմոռանաս դրա մասին»:
Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են անհավատները խաղաղություն գտնում մեր այս վտանգավոր ժամանակներում՝ առանց Հիսուսի ներկայության և ապահովման: Վախն ու տառապանքը հիմա սև ամպի պես կախված են մարդկության գլխավերևից: Շնորհակալ եմ Աստծուն այս անտանելի ժամանակներում Հիսուսի հետ մտերմության համար: Նա ուրախանում է քեզանով և քայլելու է քեզ հետ ամեն ինչի միջով:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը