Աստված խոսում է
Որոշ ժամանակ առաջ ես ելույթ էի ունենում Շրուսբերիի եկեղեցում՝ Չարլզ Դարվինի ծննդավայրում: Պատգամի վերջում մի այցելու դիմեց ինձ. «Ես մի հարց ունեմ, որին ոչ ոք չի կարողանում պատասխանել, ոչ ոքի պատասխանը չի գոհացնում ինձ», - ասաց նա: «Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. « Աստվա'ծ իմ, Աստվա'ծ իմ, ինչո՞ւ Ինձ լքեցիր»:
Որոշ հարցեր քեզ անակնկալի են բերում, եւ սա եւս այն չէր, ինչ ես սպասում էի լսել: Ես սկսեցի բացատրել, թե ինչ կատարվեց խաչի վրա, որ Հիսուսը իրականում մեր բոլորիս մեղքերը վերցրել է Իր վրա, դարձել անեծք մեզ համար, մեզ ներում շնորհել: Այդ մարդը սկսեց լաց լինել:
-Կցանկանայի՞ք, որ ես աղոթեմ Ձեզ համար, որպեսզի ընդունեք Քրիստոսին եւ հետեւեք Նրան, - հարցրի ես։
-Իհարկե՛, - եղավ նրա անմիջական պատասխանը:
Նրա հետ աղոթելն ուրախություն էր, եւ հեռանալիս ես չէի կարող չհիշել, որ Սուրբ Հոգին է, «Ով դատապարտում է մեղքը՝ արդարության եւ դատաստանի համար»: Համոզված եմ, որ նախկինում շատերը պատշաճ պատասխանել էին նրա հարցին, բայց այդ օրն այն օրն էր, երբ վարագույրը «պատռվեց» նրա աչքերից:
Երբ մենք մտածում ենք Ավետարանը քարոզելու մասին, երկու խնդիրներ են անմիջապես հայտնվում: Առաջինը կապված է բովանդակության հետ՝ ի՞նչ է պետք ասել: Երկրորդը կապ ունի հաղորդակցության հետ՝ ինչպե՞ս ասել: Երբեմն մենք նաեւ խոսում ենք շարժառիթի մասին՝ ինչո՞ւ ես պետք է ինչ-որ բան ասեմ: Վերջին հարցը դառնում է ավելի արդիական մեր օրերում, քանի որ ավելի ու ավելի շատ քրիստոնյաներ չեն արժեւորում ավետարանչությունը՝ ընկերներին կորցնելու վախից դրդված: Այս բոլոր խնդիրները կարեւոր են: Դրանց բոլորին պետք է անդրադառնալ: Քանի որ Մեծ Հանձնարարականի խոսքերը հետեւյալն են. "Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն" : : :
Այնուամենայնիվ, մի հատված կա, որի մասին մենք հազվադեպ ենք լսում: Գնալու եւ աշակերտելու պատվերը մեզ տվել է հենց Ինքը՝ Քրիստոսը: Ավետարանը մեզ չի տրվել' հիմնվելով այն բաժնեկցելու մեր ունակության վրա: Փաստորեն Մեծ հանձնարարականը գտնվում է երկու նման հիշեցումների մեջտեղում: Նախ՝ Հիսուսը մեզ ասաց. "Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս" (28:18): Եվ հետո, երբ մեզ ասաց, որ գնանք, Նա զորեղ կերպով հիշեցրեց մեզ. "Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը"(28:20): Այսպիսով, Ավետարանը բաժնեկցելը, նախ, հիշեցում է մեզ՝ ավետարանելու կոչ Անողի իշխանության, զորության եւ ներկայության մասին:
Իմ քարոզչության վերջին ելույթներից մեկի ընթացքում ես խոսել եմ մոտավորպես 5000 մարդկանց հետ, որոնցից շատերին չէր էլ հետաքրքրում իմ ասելիքը: Դա պայմանավորված էր նրանով, որ ինձ խնդրել էին ելույթ ունենալ մի լսարանի առջեւ, որի համար ուղերձս բացարձակ համապատասխան չէր: Հանդիսատեսի գրեթե կեսը տասներկու տարեկան երեխաներ էին, ինչը ես բոլորովին չէի սպասում: Հանդիսատեսն ամբողջովին խառնաշփոթի մեջ էր: Երկու անգամ ես դադարեցրի հանդիպումը՝ աղոթելու եւ լռություն խնդրելու համար : Ես նախկինում երբեք այդքան ոչ անհավասարակշռված ինձ չեմ զգացել: Ի վերջո, ես հրաժարվեցի քարոզելուց, կարդացի Սուրբ Գրքից մի մեծ հատված, ապաշխարության կոչ արեցի, ապա սկսեցի աղոթել: Ես ամբիոնից իջա՝ ցանկանալով թաքցնել իմ ամոթը: Գլուխս պարտությունից կախված էր: Բայց երբ հայացքս բարձրացրի, ես ինձ գտա ավելի քան 1000 հայացքների ծովում՝ երիտասարդ եւ ծեր, որոնցից շատերը արտասվում էին, երբ եկել էին բեմի մոտ աղոթելու :
Եթե Ավետարանը Աստծո մասին է, սա չպետք է մեզ զարմացնի: Աստված է կանչողն ու դատապարտողը. Աստված է, որ ներում է եւ ամեն բան դարձնում նոր:
Միգուցե այն հարցերը, որոնք մեզ հաճախ տրվում են ավետարանչության մասին, կոչ են անում փոխել մեր կենտրոնացումը: Մեր կյանքի ընթացքում Ավետարանը բաժնեկցելը մեզ տրված պատվիրան է: Բայց դա տրվում է նրան, ով ամենից շատն է փափագում, որ աշխարհը լսի: Խոսողն Աստված է, դատապարտողն Աստված է եւ Աստված է, Ով կոտրված կյանքերից աշակերտներ է պատրաստում: Ավետարանը մեզ է հասցվել ոչ միայն բառերով, այլ նաեւ զորությամբ, Սուրբ Հոգով եւ խոր համոզմամբ: Այսպիսով, լավ կլինի, որ հարցնենք՝ ո՞ւմ առջեւ ենք համարձակվում եւ ցանկանում անգամ երկար խոսել: Ինչպե՞ս ենք մենք նկարագրում այն Աստծուն, Ով ոչ մեկի նման չէ: Եվ ամենակարեւորը՝ ո՞ւմ ենք ապավինում դա անելիս:
Հեղինակ՝ Մայքլ Ռամսդեն
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը