«Պատերազմ սկսվեց երկնքում» (Հայտնություն 12.7):

Մենք այսօր շատ խոսակցություններ ենք լսում պատերազմների մասին՝ պատերազմ ահաբեկչության դեմ, պատերազմ Մերձավոր Արևելքում, տարբեր ազգերի միջուկային սպառնալիքներ: Պատմության մեջ երբեք այսպիսի պատերազմական ժամանակաշրջան չի եղել, որ ներառի ամբողջ աշխարհը: Եվ դա մեր՝ կապի անմիջական հեռահաղորդակցության պատճառով. մենք անմիջապես լուրեր ենք ստանում ռմբակոծությունների, դարանակալների, զոհերի մասին:

Անշո՛ւշտ, Հիսուսն այս մասին խոսել է. «Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ» (Մատթեոս 24.6): Եվ երբ Քրիստոսը այս մասին մարգարեանում էր, մարդկանց սրտերը վախից հալվում էին.«Որովհետեւ մարդկանց սրտերը կ’նուաղին վախից եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վերայ պիտի գան. որովհետեւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին» (Ղուկաս 21.26)։ Պատերազմները, որոնց մենք ականատես ենք լինում, սարսափ են առաջացնում ամբողջ աշխարհով մեկ, այդուհանդերձ այս պատերազմները լոկ շատ ավելի մեծ պատերազմի նախանշաններն են: Իրականում ընդամենը մեկ պատերազմ է ընթանում, և այս պատերազմը, որն ամենից կարևորագույնն է, տեղի է ունենում երկնքում՝ պատերազմ Աստծո և սատանայի միջև:

Այս պատերազմը հայտարարվել էր դեռ դարեր առաջ: Հայտնությունը մեզ ասում է. «Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. Եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. » (Հայտնություն 12.7): Երկնքում գտնվելիս սատանան հավաքեց բոլոր ընկած հրեշտակներին, որոնց խաբել էր Աստծո դեմ կանգնելու համար, քանի որ ուզում էր խլել Աստծո իշխանությունը և տիրել Նրա գահին:

Բայց սատանան պարտվեց այդ առաջին մարտը, և Աստված դրախտից դուրս հանեց նրան և բոլոր ապստամբ հրեշտակներին: Սատանան արդեն խաբել էր այդ հրեշտակներին, և երբ Աստված ստեղծեց մարդկությունը, սատանան որոշեց խաբել նաև նրանց:

Սատանայի ապստամբությունը չզարմացրեց Աստծուն: Անգամ աշխարհի արարումից առաջ Աստված սատանային հաղթելու համար պատերազմական ծրագիր էր մշակել: Տերը ստեղծեց մարդուն իր պատկերով և թույլ տվեց, որ նա ունենա ազատ կամք, և հետո նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուսին, փրկագնելու ողջ մարդկությունը:

Հիսուսը համբերատար սպասում է վերջին «բերքահավաքին», բայց մինչև Տիրոջ գալուստը մենք կարող ենք ապրել հաղթանակած. «Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց» (Հռոմեացիներ 8.37):

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.