Հովհան Ոսկեբերան. Մեծ բարիք է աղոթքը
Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:
Աստված և՛ տալիս է (խնդրածը) և չի՛ տալիս, և՛ այն, և՛ այս անում է օգուտի համար. այնպես որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր: Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ:
Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք: Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:
Այն պատճառով` կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում: Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտե: Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է:
Ոչ թե այն պատճառով է Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որովհետև մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողդություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին, ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել: