5 խորհուրդ. ինչպե՞ս պատրաստ լինել վերջին ժամանակներին
Իմ հասունության տարիներին ես ունեի մի ընկեր, որն ապրում էր մեր փողոցում։ Նրա մայրը սիրում էր փազլ հավաքել, շատ մեծ փազլ, որի մասնիկները փոքր էին։ Նայելով ընթացքին՝ ես հասկացա, որ փազլի գիտակ մարդը պետք է լավ հասկանա շապիկի վրայի օրինակը, որ կարողանա հավաքել ամբողջ պատկերը։
Նույն կերպ կարող ենք հասկանալ աշխարհի վերջի մարգարեական պատկերը։ Աշխարհի վերջի մասին կարող ենք կարդալ Սուրբ գրքում։ Երբ ամեն մասնիկը լինի իր տեղում, ամեն բան հասկանալի կլինի։ Երբ նայում ենք աշխարհին այսօր, իրադարձությունները ցույց են տալիս, որ ամեն բան մոտենում է իր ավարտին։ Բոլոր մասնիկները փազլի դեռ իրենց տեղում չեն, բայց փազլի ծայրերը հավաքված են։ Շրջանակը գրեթե պատրաստ է։ Մնում է հավաքել փազլի մեջտեղի մասը։
Իսրայելը արդեն իր հայրենի տարածքում է 2000 տարվա տարանջատումից հետո։
Ռուսաստանը հզորանում է։ Պարսկաստանը աճում է։ Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն ու Պարսկաստանը համագործակցում են։ Թուրքիան ուզում է համագործակցել Ռուսաստանի և Պարսկաստանի հետ։ Ռուսաստանն ու Պարսկաստանը իրենց դիրքերն են ամրապնդում Սիրիայում։ Միջին Արևելքը աշխարհի ուշադրության կենտրոնում է։
Ինչպե՞ս պետք է ապրենք այս աշխարհում։ Ի՞նչ պետք է մենք անենք։
Եկեք առաջարկեմ ձեզ 5 պարզ, գործնական միջոցներ, որոնք այսօր կարող են փոխել ձեր մտածելակերպն ու ապրելակերպը։
1․ Պետք է ընդունենք, որ Աստվածաշունչը ճշմարտություն է։
Մենք կարող ենք փաստել, որ աստվածաշնչյան մարգարեությունները, որոնք դեռ չեն կատարվել, իրականանալու են։ Նաև կարող ենք վստահեցնել, որ ինչ ասվում է Աստվածաշնչում Աստծո, Հիսուսի, մեղքի և մեր կյանքի մասին, հուսալի և ճշմարիտ է։
Ընդունենք, որ Աստվածաշունչը ճշմարիտ գիրք է, և մենք պետք է կարդանք այն կանոնավոր կերպով։ Եվ մեր կյանքը կվերափոխվի։
2․ Պետք է ընդունենք, որ մենք Հիսուսի կարիքն ունենք։
Աստվածաշունչը ոչ միայն խոսում է ապագայի մասին, այլև ցույց է տալիս, թե ինչպիսին է մարդն առանց Աստծո։ Աստծով լցված լինելը ոգեշնչում է և ցույց է տալիս յուրաքանչյուր մարդու կյանքը։ Այն մեզ ցույց է տալիս, որ բոլորս մեղք գործեցինք և Աստծո փառքից պակասեցինք (Հռովմեացիս 3.23)։
Դու և ես ինքնուրույն չենք կարող ազատվել մեր մեղքերից։ Աստվածաշունչը պարզ կերպով ասում է, որ միայն Հիսուսի արյունը կարող է մեզ ազատ արձակել մեր մեղքերից։ Նա մահացավ մեզ համար, և մենք Նրա մահով կյանք ունեցանք։ Հիսուսը միակ միջնորդն է մեղավոր մարդկանց և սուրբ Աստծո միջև։ Նա մեր միակ միջոցն է Երկինք գնալու համար։ Միայն Նրան հավատացողները կարող են փրկվել և Երկինք գնալ։ Եթե դու դեռ չես խոստովանել Նրան քո մեղքերը և չես ընդունել Նրան որպես քո Տեր ու Փրկիչ, դու դա կարող ես անել հիմա։ Դա առաջնային բանն է, որ պետք է անես։ Նա է կյանքը, Նա է ճշմարտությունը և Նա է ճանապարհը։
3․ Պետք է հիշենք, որ Աստված է մեր Պահապանը և Նա ամեն բան պահում է Իր վերահսկողության տակ։
Այսօր մեր աշխարհը անկառավարելի վիճակում է։ Մենք ապրում ենք ճգնաժամի մեջ։ Բռնությունը տիրում է ամենուրեք։ Հրաբուխը աղտոտում է մեր Երկիր մոլորակը։ Բնական աղետները ավելի ու ավելի են շատանում։ Երկրագունդը հառաչում է։ Եվ թվում է, թե ամեն բան անլուծելի վիճակում է։
Մեր աշխարհն այսօր առերեսվում է հսկայական խնդիրների հետ։ Այսօր մենք խառնաշփոթի մեջ ենք։ Կարծես ամեն բան օր օրի ավելի է վատանում։ Նայելով այս ամենին՝ մենք անհուսալի վիճակում ենք։ Բայց ինչ էլ հանգամանքները մեզ ասեն, մենք պետք է հավատանք, որ Հիսուսն է Տերը։ Մեր Աստված ամեն բան վերահսկում է։
4․ Չպետք է կորցնենք մեր հույսը։
Այսօր աշխարհում կան մի շարք փիլիսոփայություններ, բայց երբ այդ ամենն անցի, միայն 2 բան է մնալու մեզ՝ հույս և հուսահատություն։ Առանց Հիսուսի և Նրա խոսքի՝ ամեն բան ունայն է։
Ամենաոգևորող բանը Հիսուսի վերադարձի մեջ այն է, որ Նա կարող է վերադառնալ ցանկացած պահի։ Գուցե Նա վերադառնա հենց այսօր, այլ ոչ թե 10 տարի հետո։ Որպես Հիսուսին հետևող մարդիկ՝ մենք կարող ենք արթնանալ ամեն առավոտ և ասել՝ գուցե այսօ՞ր դա կլինի։ Գուցե այսօր է այն օրը, որ Հիսուսը կվերադառնա։
Սա մեր հույսն է։ Մի անգամ ես լսեցի, որ ինչ-որ մեկն ասում էր, որ կյանքը Հիսուսի հետ անվերջ է, իսկ կյանքն առանց Հիսուսի անհույս է։ Համոզվի՛ր, որ դու ունես Հիսուսին և դու սպասում ես Նրա վերադարձին։
5․ Աստծո խոսքը փոխանցի՛ր ուրիշներին։
Մենք շրջապատված ենք լինում անհանգստությամբ և վախի մեջ ենք լինում ապագայի համար։ Մենք հեշտությամբ կարող ենք կառավարել մեր ապրելակերպը, մտածմունքները։
Եթե մենք սպասում ենք Հիսուսի գալստյանը ու հավատում ենք Նրան, ոչինչ չի կարող մեզ վախեցնել։ Մենք պետք է տարածենք Աստծո բարի լուրը։ Քանի որ Հիսուսը կարող է վերադառնալ ցանկացած պահի, և նշանները մեզ դա ցույց են տալիս, որ Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Ըստ մի քանի աղբյուրների՝ Ավետարանը քարոզվում է Միջին Արևելքում, հատկապես՝ Պարսկաստանում։ Շատ եկեղեցիներ աճում են այնտեղ։ Շատերը հավատում են, որ մեծ արթնություն է լինելու Պարսկաստանում։
Թող Աստված օգնի մեզ, որ կարողանանք շարունակել աղոթել Պարսկաստանի համար և Միջին Արևելքում գտնվող բոլոր մարդկանց համար, նաև այն քրիստոնյա մարդկանց համար, որոնք ծառայում են այդ վայրերում, դժվար ու վտանգավոր պայմաններում, որպեսզի տարածվի Աստծո խոսքը։ Ժամանակը շատ կարճ է։
Հեղինակ՝ Մարկ Հիչքոք
Աղբյուրը՝ christianheadlines.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը