Տերն ինձ բացեց ճշմարտություն
Տերն ինձ բացեց ճշմարտություն, որը հաճախ օգնում էր ինձ: Անկումի պատճառած վախն ավելի վտանգավոր է, քան հենց անկումը: Ադամը, Հովնանը և Պետրոսը խուսափում էին Աստծուց ոչ նրա համար, որ այլևս Նրան չէին սիրում, այլ որովհետև վախենում էին, որ Նա կզայրանա իրենց վրա: Օգտվելով այս վախից՝ սատանան ներշնչում է մարդուն, թե ամեն բան կորած է: Այդ հին եղբայրների զրպարտիչը ուրուրի նման դարանում է, թե երբ մենք կընկնենք:
Եվ այստեղ նա գործածում է ստի հարյուրավոր միջոցներ՝ ցանկանալով համոզել մեզ, որ Աստված չափազանց սուրբ է, իսկ մենք չափազանց մեղավոր և չափազանց մեծ անհաջողակ: Իբրև թե՝ դու ուր, Աստված ուր… Կամ էլ նա կփորձի ներշնչել ձեզ, թե դուք ոչ միայն բավարար սուրբ չեք, այլև առհասարակ, ոչ մի բանի պիտանի չեք: Տիրոջը պահանջվեց 40 տարի, որ Մովսեսին ազատագրի վախից և դարձնի պիտանի Իր հանձնարարության կատարման համար: Մինչդեռ Իսրայելի ժողովրդին ազատելու Աստծո մտադրությունը հետաձգվեց գրեթե կես դարով միայն նրա համար, որ մեկ մարդ չսովորեց հաղթահարել իր սխալները:
Եթե Մովսեսը, Հակոբը և Դավիթը կոտրվեին իրենց սխալներից ու հանձնվեին, մենք հավանաբար, երբեք չէինք լսի նրանց մասին: Բայց Մովսեսը նոր քաջություն ձեռք բերեց և դարձավ Աստծո մեծագույն գործիքը: Հակոբը գիտակցեց իր մեղքը և հաշտվելով եղբոր հետ՝ մեծ օրհնություն ունեցավ, քան նախկինում: Դավիթը մտավ տաճար, զոհասեղանի եղջյուրից բռնվեց և ապաշխարեց: Նա գտավ ներում և խաղաղություն ու հասավ նոր բարձունքների իր թագավորության ժամանակ:
Հովնանը հնազանդվեց, զղջաց իր համառության համար և հսկայական կայսրության ամբողջ մայրաքաղաքը ապաշխարեց նրա քարոզից՝ սկսած թագավորից մինչև վերջին աղքատը: Պետրոսը դարձավ իր Տիրոջը, ամոթով ընդունեց իր անկումը և դարձավ եկեղեցու մեծագույն առաջնորդը, որը ծնվեց Հոգեգալուստի օրը: Գնացե՛ք առաջ՝ չնայելով ձեր սխալներին:
Դեյվիդ Ուիլկերսոն
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը