Շարունակ աղոթե՛ք. Չարլզ Սպերջեն
«Շարունակ աղոթեցե՛ք» (Կողոսացիս 4.2):
Հետաքրքրական է ընդգծել, որ Սուրբ Գրքում զգալի տեղ է հատկացվում աղոթքին, որը հիշատակվում է շատ հրամաններում, հորդորներում, խոստումներում: Բացելով Աստվածաշունչը՝ մենք շուտով կարդում ենք. «Այն ժամանակ մարդիկ սկսեցին կանչել Տիրոջ անունը» (Ծննդոց 4.26):
Մենք արդեն պատրաստվում ենք փակել այն, երբ մեր աչքերի առաջ հայտնվում է հանդիսավոր ամփոփումը. «Ամեն» (Հայտնություն 22.21):
Աղոթքի օրինակները բազմաթիվ են, ինչպես Աստծո հետ կռվող Հակոբը, օրական երեք անգամ աղոթող Դանիելը, Աստծուն ողջ սրտով կանչող Դավիթը: Եղիան աղոթում էր Կարմեղոսի գագաթին, իսկ Պողոսն ու Շիղան՝ զնդանում:
Մեր առջև անհամար հրամաններ ու խոստումներ են, որոնք մատնանշում են աղոթքի բացառիկ կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կարելի է չկասկածել, որ այն ամենը, ինչ Աստված արտահայտել է Սուրբ Գրքում, կոչված է կենսական դառնալու մեր կյանքում:
Նա շատ բան է ասել աղոթքի մասին, քանի որ Նա գիտի, թե մենք որքան ունենք դրա կարիքը: Մեր կարիքներն ու պահանջմունքներն այնքան մեծ են, որ մենք իրավունք չունենք դադարել աղոթել, մինչև չհայտնվենք երկնքում:
Մի՞թե դու ոչնչի կարիք չունես: Այդ դեպքում, վախենամ՝ դու չգիտես սեփական աղքատությանդ խորությունը: Մի՞թե քեզ ոչ մի ողորմածություն պետք չէ Աստծուց: Ուրեմն՝ թող Տերն Իր ողորմածությամբ ցույց տա քո աղքատությունը: Առանց աղոթքի հոգին առանց Քրիստոսի հոգի է: Աղոթքը հավատացյալ մանկան թոթովանքն է, Քրիստոսի մարտնչող զինվորի բացականչությունն է, Հիսուս Քրիստոսում մահացող սրբի ռեքվիեմն է:
Այն քրիստոնյայի շնչառությունը, նշանաբանը, մխիթարությունը, ուժն ու պատիվն է: Եթե դու Աստծո զավակն ես, դու կփնտրես Հոր երեսը և կմնաս Հոր սիրո մեջ:
Աղոթի՛ր, որ շրջապատիդ համար լինես օրինակ և օրհնություն, ապրես քո Ուսուցչի փառքի համար:
«Շարունակ աղոթեցե՛ք». թո՛ղ այս համարը դառնա քո նշանաբանը: