Երբ մեր որդիները փոքր էին, ես մի ժողովրդական հեքիաթ էի կարդում նրանց համար: Այդ հեքիաթը աղքատ մարդու մասին էր, ով շատ տպավորիչ երազ էր տեսել:

Երազում նա թաղված գանձ էր գտել խնձորենու տակ: Թեև այդ խնձորենու տեղը պարզ չէր, բայց այդ երազը հույսով լցրեց նրա սիրտը:

Այս մարդը մեծ և հին պարտեզ ուներ, բայց աղքատացել էր, քանի որ պարտեզի ծառերն այլևս պտուղ չէին տալիս: Մինչ այդ նա որոշել էր վաճառել իր պարտեզը, բայց այդ երազից հետո սկսեց վճռականորեն և առույգորեն աշխատել:

Նա հասկացավ, որ ճիշտ ծառը գտնելու համար պահանջվելու էին ծանր աշխատանքի անհաշիվ ժամեր: Առանց վարանելու սկսեց պարբերաբար փորել իր ծառերից ամեն մեկի շուրջը: Այն, որ նա գանձ չէր գտնում հերթական ծառի տակ, ընդամենը նշանակում էր, որ գանձը մնացած ծառերից ինչ-որ մեկի տակ էր:

Ի վերջո, նա փոս փորեց վերջին ծառի շուջը, բայց այն գանձը, որը տեսել էր երազում, այդտեղ էլ չէր: Նա ընկավ գետնին՝ հոգնած և հուսահատված:

Այդ մարդը գտավ իր գանձը միայն հաջորդ գարնանը: Նա քայլում էր իր պարտեզում և խորը շունչ էր քաշում՝ զգալով խնձորենիների ծաղիկների թունդ բուրմունքը: Նրա բոլոր հին ծառերը պատվել էին ծաղիկներով: Ամեն բուրումնավետ բողբոջ աշնանային խնձորներ էին խոստանում:

Այդ աղքատ մարդը բացահայտեց, որ իր գանձն էր՝ հոգալ այն ամենի մասին, ինչը միշտ իր խնամքի տակ էր: Փորելով ծառերի շուրջը՝ նա անգիտակցաբար հագեցրեց ծառերի արմատներն օդով և փխրեցրեց հողը, ինչը նոր պտղաբերություն հաղորդեց ծառերին: Այդ տարի և հաջորդ տարիների ընթացքում նա իր ընտանիքով այնպիսի հունձք վայելեցին, որը գերազանցեց նրանց ամենամեծ սպասումները:

Ամուսնությունն էլ կարելի է համեմատել ծառի հետ: Երբ ծառի հողը պնդանում է, արմատները չեն կարողանում տարածվել, որպեսզի ստանան ջուր և սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են ծառին աճելու համար: Փխրեցրեք ձեր ամուսնության հողը՝ հեռացնելով վիրավորանքի, վախի և եսասիրության տկարացնող և զսպող հետևանքները ու այդպիսով հագեցրեք արմատներն օդով:

Ամեն ամուսնություն հունձքի խոստում ունի, որը դեռ չի իրականացել: Մենք կատարում ենք մեր մասը՝ հսկելով մեր սրտերը և ընտանիքները, իսկ Աստված կատարում է Իր մասը՝ պատվիրելով Իր օրհնությունը մեր միության մեջ:

Նորատունկ ծառն իր մատղաշ ճյուղերով, հաստաբուն ծառը, որի ճյուղերը դիմացել են տարբեր եղանակների, և նույնիսկ փոքրիկ սերմը, որը դեռ պետք է ծիլ տա. բոլորն էլ մեծ ներուժ ունեն: Մեր Աստված վերցնում է այն, ինչը ամուլ է, և պտղաբեր է դարձնում: Նա նոր է դարձնում հինը և կյանք է տալիս մեռածին:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.