Նախքան քննադատելը՝ տվեք ինքներդ ձեզ այս 3 հարցերը
Մեր շուրջը բոլորն իրար քննադատում են: Յուրաքանչյուրն իր քննադատական մեկնաբանությունը կարող է թողնել ցանկացած սոցկայքի էջին, ցանկացած տեքստի տակ:
Պետք է տարբերել շինություն տվող հանդիմանությունը նսեմացնող քննադատությունից: Եթե մեկի ձգտումը քննադատությունն է ու դատապարտումը, ապա դժվար է այդ մարդու հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Բայց կան նաև մարդիկ, ում հետ երկխոսություն հաստատելը հեշտ է, նրանք սովորաբար իրենց դիտողությունն իմաստուն խոսքերով են փորձում հայտնել, և այդպիսի մարդկանց առաջին ձգտումը հասկանալն ու սովորելն է, այլ ոչ թե ուրիշների արածների մեջ սխալ գտնելը:
Շատ կարևոր է հասկանալ տարբերությունն այս երկու մոտեցումների, որովհետև առողջ քննադատությունը կարող է մեծ ծառայություն մատուցել, եթե մենք բաց ենք այն ընկալելու համար: Ես մտադրված եմ նշում «կարող է», որովհետև աշխարհում դժվար է գտնել քննադատության նման մեկ այլ երևույթ, որն ի զորու լինի նույնքան մեծ դաս տալու և, միևնույն ժամանակ, նույնքան մեծ ցավ պատճառելու:
Ահա պատճառը, թե ինչու քննադատելուց առաջ պետք է շատ լուրջ մտածել:
Տվեք ձեզ հետևյալ հարցերը՝ նախքան քննադատելը, կամ ուրիշների քննադատությունն ընդունելը:
Արդյոք ձեր նկատած սխալի մասին խոսելով՝ դուք ի՞նչ եք ցանկանում. ցույց տալ, որ դուք ճի՞շտ եք, թե՞ օգնել մարդուն գիտակցելու իր սխալն ու փոխվելու:
Վերջերս ինձ իմ ընկերը մոտեցավ ու սկսեց խոսել ինձ համար ոչ այնքան թեթև թեմայի շուրջ: Նա ինձ հարցեր տվեց, որոնք վերաբերում էին իմ նախապաշարումներին ու դիրքորոշմանը: Նա ոչինչ չէր ցանկանում ապացուցել, հատկապես՝ իր ճշմարտացիությունը, պարզապես նա ցանկանում էր, որ ես դեպի լավը փոխվեմ: Նրա բարեհոգությունն օգնեց ինձ հեշտությամբ ընդունել իմ սխալները: Սա հանդիմանություն էր, որը տարբերվում է դառը քննադատությունից, քանզի հանդիմանությունը շինություն է բերում, իսկ քննադատությունը երբեմն կարող է սպանել:
Նման չէ՞ արդյոք ձեր քննադատությունը հարձակման:
Ես շատ եմ ականատես եղել դեպքերի, երբ մարդիկ հարձակվում են իրար վրա ու մեղադրում միմյանց՝ քննադատելով՝ ով որքան կարող է: Երբ սկսում ենք քննարկել ու դատել մարդու բնավորությունն ու շարժառիթները, մենք հատում ենք թույլատրելի սահմանը:
Ինչո՞ւ սխալ ու վատ երևույթների մասին խոսելիս չխոսել նաև դրականի ու լավի մասին:
Երբ նշում եք մարդու սխալը, կարևոր է հիշել, որ դուք հնարավորություն ունեք նաև քաջալերելու, օգնելու նրան՝ առաջ շարժվել: Մենք կարող ենք նախ մատնանշել, թե ինչն է լավ ստացվել, և հետո միայն անցնել բացասական կողմերին:
Եկեք հիշենք այս երեք կարևոր հարցերի մասին և քննենք ու ճիշտ դատողություններ անենք միայն շինություն բերելու համար:
Հեղինակ՝ Մայքլ Իդալգո
Աղբյուրը՝ crossnews.am