Մո՞ւրճ, թե՞ մեխ. ո՞րն է կարևոր
«.... ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, բոլոր հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր անդամի ներգործության չափով, աճում է՝ ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար» (Եփեսացիս 4.16):
Երբեմն Աստված եկեղեցուն տալիս է տեսիլք` ինչ-որ նոր շարժ կամ մեծ օրհնություն սկսելու նպատակով, բայց տարիներ շարունակ այն մնում է դեռևս չիրականացված տեսիլք, ինչո՞ւ։ Բանն այն է, որ Նա իր զավակներից յուրաքանչյուրին տալիս է տեսիլքի միայն մի մասը, կամ մի որոշակի ծառայություն, պարգև: Դա նման է «փազլ»-ի` ամբողջական պատկերը տեսանելի է դառնում միայն մասերը ճիշտ միացնելու դեպքում, բայց մենք չենք էլ փորձում կցել մեզ տրված մասնիկը դիմացինի ձեռքում եղածին, փոխարենը այս ու այն կողմ ենք պտտում այն՝ փորձելով ստանալ ամբողջական պատկերը։
Այս դժվարին ժամանակաշրջանում, երբ դադարել են եկեղեցական ժողովներն ու պակասել է հաղորդակցությունը, շատ կարևոր է բաց չթողնել միաբանության կապը։ Անհնար է մոտենալ Աստծուն, ծառայել Նրան և մոռանալ եկեղեցու մասին, Աստված ճգնավորներ չի բարձրացնում, Նա աճեցնում է եկեղեցին միաբանության մեջ։
Փորձեմ մի առակով ներկայացնեմ ասելիքս. Խելացին և Հնարամիտը ընկերներ էին. նրանք երազում էին փայտե տնակ կառուցել։ Հանկարծ Խելացին ճանապարհից մուրճ է գտնում, իսկ Հնարամիտը՝ մի տուփ մեխ։ Երկուսն էլ առաջին անգամ էին տեսնում մուրճ և մեխեր, ու չգիտեին ինչպես դրանք օգտագործել:
Յուրաքանչյուրը խորհում էր իր գտածի շուրջ: Վերջապես Խելացին կռահում է, որ մուրճը կօգնի տնակը կառուցելու հարցում.... Բայց ինչպե՞ս: Հնարամիտն էլ իր հերթին է բացահայտում, որ մեխերով կարելի է փայտերն իրար մեխել ու տնակը կառուցել.... Բայց ինչո՞վ։
Հնարամիտը ոգևորությամբ կիսվում է իր բացահայտումով Խելացիի հետ՝ ուշադրություն չդարձնելով ընկերոջ ձեռքում հայտնված մուրճին ու խնդրում է իր հետ միասին մեխերը մեխելու հարմար միջոց փնտրել, սակայն ընկեն ընդհատում է նրան ու փորձում բացատրել, որ իր գտած մուրճն ավելի կարևոր է իրենց երազանքը իրականացնելու գործում։ Նրանք մինչ օրս վիճում են։
Ես և դու նույն մարմնի տարբեր անդամներն ենք, մեր տեսիլքներն ու դրանց իրականացման համար շնորհված պարգևներն ու ծառայությունները ամբողջականի համատեքստում են միայն պիտանի։
Այդ խնդիրը միշտ եղել է, և զուր չէ, որ Սուրբ Հոգին հարմար է գտել Պողոս առաքյալի միջոցով Սուրբ Գրքում զետեղել հետևյալ ճշմարտությունը.
«Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար» (Ա Կրնթ. 12.15-17)։
Մենք երբեմն այնքան ենք տարվում մեր «մուրճով» կամ «մեխերով», որ արդյունքում չենք հասկանում մեր բացթողումների ու աշխատանքի անարդյունավետության իրական պատճառները:
Եկե´ք, մեր ծառայությանն ու տեսիլքին նայենք ոչ թե մեր, այլ Աստծո աչքերով: Այդժամ մեր աչքերը կբացվեն ու մենք կտեսնենք մեր ընկերոջ ձեռքի եղածը։
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան