Մի՛ սպանեք ձեր երեխայի ապագան
Նոր լույս աշխարհ եկած ցանկացած երեխայի կյանքի հետագա շարունակութունը կազմավորվում է ընտանիքում: Ընտանիք, փոքրիկ մի անկյուն այս մեծ մոլորակի մեջ, որտեղ ամեն մի երեխա կարիք ունի սիրված, պաշտպանված ու գնահատված լինելու: Բայց ամենից առաջ երեխան կարիք ունի առողջ ընտանիքում մեծանալու, որի հիմքում ընկած է խաղաղությունը:
Փոքրիկի ապագա կյանքն արդեն իսկ վտանգված է, եթե նա ամեն օր ականատես է լինում, թե ինչպես են ծնողները վիճում, անընդհատ բղավում միմյանց վրա, և այդ բարկությունը տեղին ու անտեղին փոխանցում են նաև իրենց: Երեխան մեծ գանձ ու պարգև է Աստծո կողմից, և նա կարիք ունի ընտանեկան ջերմ ու խաղաղ մթնոլորտում մեծանալու: Շատ ծնողներ մտածում են, որ ամեն բան արել են իրենց երեխայի համար. ինչո՞ւ նա այսպիսի բնավորությամբ մեծացավ՝ պատասխանում է, բղավում, նեղանում... որովհետև նա դա է տեսել իր ընտանիքում: Ամեն մի վեճը, որը հետք է թողել նրա փոքրիկ սրտում, հետագայում հասունացել ու դարձել է բնավորություն:
Գուցե դուք անգամ չիմանաք նրա մտահոգության մասին, թե նա ինչպես է թաքուն արտասվում, երբ ամեն անգամ լսում է ձեր վեճերը, բղավոցը: Մանուկներն այնքա՜ն խորն են ու այնքա՜ն զգայուն, որ շատ ծնողներ անգամ պատկերացնել չեն կարող: Խնդրե՛ք, որ Աստծո խաղաղությունը թագավորի ձեր սրտերում, որպեսզի օրինակ լինեք ձեր երեխային և թույլ տաք նրան ունենալ խաղաղ ու երջանիկ մանկություն: Եղե՛ք օրինակ նրան ամեն հարցում: Ձեր փոքրիկը այդքան չի լսի ձեր խոսքերը, որքան որ կապրի այն կյանքով, ինչը տեսել է ձեր կյանքում:
Ձեր երեխայի համար խաղաղ մանկություն ապահովելու հետ մեկտեղ մի՛ սպանեք ձեր երեխայի ապագան ձեր խոսքերով: Սրանք շատ կապակցված են մեկը մյուսի հետ և շատ հաջողություններից կարող են զրկել ձեր երեխաներին: Նրանք կարիք ունեն ծնողի կողմից քաջալերված լինելու. երբեք մի՛ ասեք նրանց բառեր, որոնց համար հետո կզղջաք: Եթե դուք նրան «հիմար» եք անվանում որևէ բան վատ անելու կամ չկարողանալու համար, այդպես էլ իմացեք՝ ձեր երեխան հիմար էլ կմեծանա: Մի՛ ասեք նրան, որ ոչինչ անել չի կարող, որովհետև իրականում նա շատ պարզ կընդունի ձեր խոսքերը, և հետո չզարմանաք, երբ ոչինչ անել չկարողանա: Երբ որևէ երազանք կամ ցանկություն ունի, մի՛ ասեք նրան՝ դա քեզ համար չէ, դու չունես այդ կարողությունը. այդպես դուք ամեն բան կսպանեք նրա մեջ:
Հակառակը, ձեր երեխան կարիք ունի ձեր քաջալերանքի, կարիք ունի զգալու, որ դուք նրա կողքին եք, բարձրացնում եք նրան, թեև ինչ-որ բան այնպես չի ստացվում: Ձեր ամեն մի գովեստի խոսքը կօգնի նրան հաջորդ անգամ շատ ավելի լավ անելու: Ձեր երեխան թո՛ղ տեսնի, որ դուք ձեր աղոթքներով իր կողքին եք, որ դուք իր կյանքը վստահում եք Աստծուն, և հետագայում մեծանալով՝ նա կհետևի ձեր օրինակին: Ցանե'ք ձեր երեխայի մեջ հավատք, սեր, խաղաղություն, հույս ցանկացած պարագայում, առաջ գնալու ցանկություն, մղե՛ք նրան մեծ բաներ անելու. չէ՞ որ Աստծո Խոսքն ասում է. «Որովհետև ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ» (Գաղատացիս 6.7):
Քրիստինե Աթոյան