Քո կյանքը երկրի վրա սահմանափակ է
Անկախ նրանից, թե ով եք դուք՝ երիտասարդ կամ ծեր, հաջողության ինչ վարկանիշ եք ձեռք բերել կամ որտեղ եք ապրում, մահը մնում է անխուսափելի: Ժամացույցի սլաքի յուրաքանչյուր շարժում իր հետ տանում է մեր կյանքից մի պահ: Նույնիսկ այս պարբերությունը կարդալիս անցան վայրկյաններ, որոնք այլևս չեն վերականգնվի: Ձեր օրերը հաշված են, և դրանցից յուրաքանչյուրը գնացել է հավիտյան:
Երբ նայում եմ Հիսուսի կյանքին, ես տեսնում եմ մեկին, ով գիտեր՝ ինչպես ապրել: Հիսուսը գիտեր՝ իրեն որքան ժամանակ է մնացել ապրելու: Եվ իմանալով, որ Իրեն երկրի վրա մեկ ամիս ժամանակ է մնացել` Նա ապրեց հետևյալ չորս սկզբունքներով.
Նա ապրեց չարչարանքներով
Փաստացի Նրա կյանքի վերջին շրջանը մենք կոչում ենք Հիսուսի չարչարանքների շրջան: Նա Իր կյանքն ապրեց Իր Հոր համար, աշխարհում փոփոխություն մտցնելու համար: Հիսուսը աշխարհում ամենաշատ տառապած մարդն է, և Նա ուզում է, որ մենք նույնպես Իրեն նմանվենք: Հովհաննու 10.10-ում Նա ասում է. «Ես եկա, որ դուք կյանք ունենաք, և այն ավելի առատորեն ունենաք»:
Նա ուզում է, որ կյանքն ապրենք մեզ համար Նրա պատրաստած բաներով լցված: Մեծ տարբերություն կա լցված կյանք ապրելուև բարիքներով լցված կյանք ապրելու միջև: Գուցե դուք ապրում եք կյանք, որ լի է ակտիվությամբ, լարվածությամբ կամ անհանգստությամբ: Բայց խոսքը գնում է բարիքներով լի կյանքի մասին:
Նա սիրեց մինչև վերջ
Հովհաննու 13.1-ում. «Երբ Հիսուսն իմացավ, որ իր ժամը հասել է, որպեսզի Ինքն այս աշխարհից ելնի Հոր մոտ, իրեններին, որոնք այս աշխարհում են, սիրեց. Նա մինչև վերջ սիրեց նրանց»:
Նա մինչև վերջ սիրեց Իր մոտ եղող մարդկանց: Նա կենտրոնացավ Իր աշակերտների վրա, որոնց հետ ունեցած հարաբերություններն ամենակարևորն էին Իր համար: Հենց այդ նույն ձևով մենք կարող ենք մինչև վերջ սիրել՝ կենտրոնանալով մեր կյանքում ամենակարևոր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների վրա: Երբեք չեմ դադարում զարմանալ, թե ինձնից ինչպիսի մեծ ուշադրություն է պահանջվում ներդնել ընտանիքիս ներսում՝ մեկս մյուսի հանդեպ իրական կապ պահելու համար: Դա պահանջում է յուրաքանչյուր օր ուշադրություն դարձնել երեխաներից ամեն մեկին, կողակցին և ամեն մի հարաբերությանը, որ կարևոր է մեզ համար:
Նա խոնարհությամբ վարվեց
Հիսուսը խոնարհության մեր մեծագույն օրինակն է. «…Ինքն իրեն խոնարհեցրեց, մահվանը հնազանդվեց, անգամ խաչի մահվան» (Փիլիպպեցիս 2.8):
Հիսուսն Աստված էր, բայց խոնարհեցրեց Իր անձը, մարդու մարմին հագավ և մեզնից մեկը դարձավ, որ մենք կարողանանք ճաշակել Աստծուն:
Նա համարձակորեն հեռացավ
Ղուկաս 9.51-ն ասում է. «Եվ երբ աշխարհից Նրա վեր վերցվելու ժամանակը հասավ, Նա իր երեսը հաստատորեն դեպի Երուսաղեմ գնալու դարձրեց»:
Հիսուսը համարձակորեն գնաց դեպի խաչը: Նա վճռականորեն գնաց դեպի խաչը, քանի որ սիրում էր մեզ: Մենք նույնպես կարող ենք շատ բաներ թողնել երկրի վրա և մեր օրերն ապրել այնպիսի բաների համար, որ շատ ավելի երկար կլինեն մեզ հետ:
Կյանքի ամենաառեղծվածային բանն այն է, որ մենք չգիտենք, թե երբ կմահանանք: Բայց փաստ է, որ կմահանանք: «Մարդու օրերը որոշված են, նրա ամիսների թիվը Քո մոտ է» (Հոբ 14.5):
Եթե մենք ցանկանում ենք ընդունել սա և Աստծուն վստահել մեր երկրավոր կյանքի մինչև վերջին վայրկյանները, ապա կարող ենք կենտրոնանալ, թե ինչով ենք մենք լցնում մեր կյանքը ծնված օրից մինչ վերջին օրը: Մենք կարող ենք լցնել մեր կյանքը անհավանական արկածներով, ուրախությամբ ու նպատակասլաց բավականությամբ: Մենք կարող ենք ապրել:
Իմ մարտահրավերն է քեզ՝ ապրել յուրաքանչյուր օրն այնպես, կարծես քեզ մնացել է մեկ ամիս ժամանակ:
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը