Ինչ պետք է անել, որպեսզի երեխաները ևս մեծանան որպես բարեպաշտ քրիստոնյա
Այսօր շատ հավատացյալ ծնողներ մտահոգվում են այն մասին, թե ինչպես պետք է դաստիարակեն իրենց երեխաներին, որպեսզի նրանք նույնպես քայլեն հոգևոր ճանապարհով, լինեն հավատարիմ Աստծո որդիներ և դուստրեր ու փափագ ունենան Աստծո խոսքի հանդեպ:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ հոգևոր ընտանիքների երեխաներ իրենց դեռահաս տարիքում լքում են եկեղեցին և հեռանում են Աստծուց, տրվելով ալկոհոլին, ծխելու մոլուցքին և իրենց շրջապատող աշխարհիկ կյանքին:
Եկեք խոսենք այն սկզբունքների մասին , որոնք կարող են օգնել մեզ բոլորիս դաստիրակելու Աստծուն սիրող և հետևող սերունդ:
Նվիրաբերեք ձեր երեխաներին Աստծուն
Մեր Աստված շատ մեծ նշանակություն է տալիս մայրական աղոթքին, դա շատ զորավոր պաշտպանություն է բերում երեխայի վրա, քանդում է սատանայի ծրագրեր, կործանում անեծքը: Չէ որ մեր Տերը մեզ է վստահել այդ նոր կյանքերը և մենք պետք է պայքար մղենք և հոգ տանենք նրանց փրկության համար: Հետևեք Աննայի օրինակին, նվիրաբերեք ձեր երեխաներին Աստծուն:
«Եւ ուխտ արաւ ու ասեց. Ով Զորաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ hիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը»։ (Ա Թագավորած 1.10,11)
Եղեք օրինակ ձեր երեխաների համար
Շատ ծնողներ ապրում են աշխարհիկ կյանքով, սակայն պահանջում են որպեսզի իրենց երեխաները նվիրված քրիստոնյաներ դառնան: Այդպես չի լինում: Եթե դու՝ սիրելի ծնող, պարբերաբար բաց ես թողնում պաշտամունքները, չես կարդում Աստվածաշունչ և հոգևոր կյանքը քեզ համար այդքան էլ առաջնային չէ, ինչ կարող եք ակնկալել երեխայից: Դարձեք հավատարիմ Աստծո մարդու օրինակ ձեր երեխաների համար, և հավատացած եղեք, որ ձեր ձգտումը և փափագը Աստծո խոսքի հանդեպ չի վրիպի երեխայի աչքից: Մեծանալով, նա Տիրոջը ծառայող ընտանիքի օրինակ կունենա և կշարունակի քայլել այդ ճանապարհով:
Ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին
Կարևոր է, որ ծնողները ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ, և լինեն մատչելի և միշտ պատրաստ օգնելու, եթե հարցեր են առաջանում երեխաների մոտ: Պատկերացրեք, եթե երեխան հարցեր ունի քննարկելու ծնողի հետ, իսկ մայրը կամ հայրը ասում են «ես ժամանակ չունեմ»: Այս պատասխանը երկու խնդիր է ծնում: Առաջինը այն, որ երեխան ժամանակի ընթացքում կտրվում է ծնողից և դուրս է գալիս նրա տիրապետությունից, և երկրորդը՝ երեխան իր հարցերի պատասխանները սկսում է փնտրել մի այլ տեղում, և դուք երբեք չեք կարող վերահսկել այդ աղբյուրների ճշտությունը:
Մի քննադատեք ձեր եկեղեցու հովվին կամ ծառայողներին երեխաների մոտ
Սիրելի ծնող, սա տարածված սխալներից մեկն է: Այդպիսով դուք ինքներդ գցում եք հովվի կամ ծառայողի բարի համբավը, զրոյացնում եք հովվի խոսքի հեղինակությունը երեխայի աչքերում, և հետո ինքներդ պահանջում եք որպեսզի նա լսի և հնազանդվի այդ խոսքին: Թույլ մի տվեք դա ձեր ընտանիքներում։ Դա երեխային ի վերջո կկտրի եկեղեցուց, քանի որ նա այլևս չի համարի եկեղեցին սրբվելու և Աստծուն ծառայելու վայր: Տերը օրհնի Ձեզ:
Աղբյուրը՝ avetaber.am