Ինչպե՞ս կարող է լինել Երրորդություն մեկ Աստծո մեջ
Երրորդությունն աստվածաբանական ամենամեծ առեղծվածներից մեկն է: Ոմանք կարծում են, որ եթե մենք հավատում ենք միաստվածությանը՝ մեկ Աստծուն, մենք չենք կարող ընդունել Երրորդության գաղափարը: Սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ Բարձրյալ Աստված «բաղկացած է» աստվածային երեք անձերից՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի. յուրաքանչյուրն ամբողջական Աստված է, ով ունի լիակատար աստվածային էություն (Մատթեոս 3.16-17)։
Հայրը Երրորդության աղբյուրն է, Արարիչն ամեն բանի: Նրանն էր այն ամենի գաղափարը, որով ստեղծվել և ստեղծվելու է ամեն բան: Հիսուսն ասաց. «Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ» (Հովհաննես 5.17)։
Որդին՝ Աստծո «Լոգոս»-ը կամ արտահայտությունն է՝ Հոր «միածինը», էությունը, բուն պատկերը: Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է Հայրը, նայի՛ր Որդուն: Հիսուսն ասաց. «...ինձ տեսնողը Հօրը տեսաւ»: Աստծո Որդին արարման և մեր փրկագնման միջնորդն է (Հովհաննես 14.9)։
Սուրբ Հոգին՝ Երրորդության երրորդ անձը, բխում է Հորից։ Նա հավասարապաես արժանանում է երկրպագության և փառաբանության Հոր և Որդու հետ միասին:
Հայրն, որպես գլխավոր գործող Անձ, առաջ է բերում ստեղծարար միտքը: Որդին, որպես արարման միջնորդ, արտահայտում է այդ գաղափարը: Հոգին իրականացնում է այդ ստեղծարար խոսքը և հաստատում ամեն արարված բան: Նա կյանքի է կոչում Սուրբ Գիրը և զորացնում Աստծո ժողովրդին: Նա վերցնում է Հիսուսից և հանձնում մեզ՝ Հիսուսին նման լինելու համար: Հովհաննես 16: 8-ը մեզ ասում է. «Եվ նա, երբոր գայ, աշխարհքին կյանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար»:
Աստվածային բոլոր Երեք Անձերը հավերժական են: Հայրը գոյություն ունի և գոյություն է ունեցել հավիտյան: Նրա հետ միշտ գոյություն է ունեցել Նրա պատկերը՝ Որդին: Հայրը հավիտենապես սիրել եւ սիրում է Որդուն, եւ Որդին, նույնպես, սիրում և ծառայում է Հորը: Սիրո այդ փոխհարաբերությունից է ծագել Աստծո Հոգին, ով հավերժ է և հավիտյան գոյություն է ունեցել: Հետևաբար, չի եղել մի ժամանակ, երբ գոյություն է ունեցել միայն Հայրը, հետո՝ Որդին, և ավելի ուշ Հոգին: Նրանք Երեքն էլ մշտապես գոյություն են ունեցել, անգամ այն ժամանակ, երբ սկսել է գոյություն ունենալ կամ արարվել որևէ բան. երեք տարբեր Անձեր, որոնք միաբան գործում են որպես Մեկ:
Բնության մեջ կարելի է հանդիպել այլ երրորդությունների: Լույսը կարելի է բաժանել երեք հիմնական գույների, բայց լույսը մեկն է: Պրիզմայով կարելի է բացահայտել առանձին, եզակի գույներ, բայց դրանք մեկտեղ միաբան են: Բնության երրորդության մի մեկնաբանություն է, օրինակ, ջրի վերափոխումը գոլորշու կամ սառույցի, որով, սխալմամբ, փորձում են համեմատական անցկացնել Աստվածային Երրորդության հետ՝ այն բացատրելու համար: Այս տեսակետի խնդիրն այն է, որ ջուրը դառնում է գոլորշի կամ սառույց, բայց, միևնույն ժամանակ, այն չի պահպանվում որպես ջուր: Մտածողության այս տեսակետը տանում է մոդալիստական միապետության, որը պնդում է, որ Հայրը վերափոխվում է Որդու կամ Հոգու. միևնույն էակի տարբեր վիճակներ, բայց ոչ երբեք՝ երեքը միաժամանակ:
Հիսուսի մկրտության ժամանակ, Երրորդության երեք անձինք ներկա էին և գործում էին: Հայրը խոսում էր երկնքից, Որդին իրականացնում էր ամբողջ արդարությունը, իսկ Հոգին՝ աղավնու պես հանգչում Որդու վրա (Մատթեոս 3.16-17, Մարկոս 1.9-11, Ղուկաս 3.21-22)։
Երրորդության գոյությունն առեղծված է, որը մի օր մենք հստակորեն կընկալենք: Առայժմ մենք գիտենք, որ դա մեզ սովորեցնում է Աստվածաշունչը, եւ Հիսուսն այն բացահայտեց մեզ, իսկ քրիստոնեական եկեղեցին ի սկզբանե ընդունել, դավանել և պահպանել է այս անգին ճշմարտությունը:
Հեղինակ՝ Փ. Ռոբերթսոն
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը