Ինչո՞ւ Աստված ստեղծեց աշխարհը
Ինչո՞ւ Աստված ստեղծեց աշխարհը, եթե մենք բոլորս ի վերջո մահանալու ենք։
Սա շատ խորը հարց է, որի շնորհիվ կարող ենք հասկանալ, թե ով է Աստված։ Աստված բարի է, լի սիրով, կատարյալ, ճշմարիտ, և Նրա գործերն անքննելի են։
Աստված ասելով` մենք ճանաչում ենք երեք անձի մեկում (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված)։
Աստված ստեղծեց մարդկանց իր պատկերով (Ծննդոց 1։26-27)։
Այնպես չէ, որ Աստված ուներ մարդու կամ ինչ-որ բանի կարիք. Նա մարդուն ստեղծեց Իր հետ փոխհարաբերության համար։ Աստված Ինքը բարին է և մարդուն էլ ստեղծելիս ցանկացավ, որ Իր նման լինի։ Մարդը ստեղծվեց սիրելու թե՛ Աստծուն, թե՛ մարդկանց։
Երբ Աստված ստեղծեց մարդուն, տվեց նրան բարին գործելու հնարավորություն, և մարդը կարող էր ցույց տալ Աստծո բարության արտացոլանքն աշխարհի և մարդու հանդեպ։ Մարդը ստեղծվեց առանց մեղքի և կատարյալ, և Աստված ուզում էր, որ մարդն այդ կերպ հավիտյան ապրի։
Աստծո շնորհով մարդն ազատ կամքով ծնվեց։ Նրանք ռոբոտ չէին, որպեսզի չունենային ընտրության իրավունք։ Հայրը տվեց նրանց հնարավորություն ապրել Իր սիրո մեջ շարունակաբար կամ մերժել Նրան, և ընդամենը մի պայման դրեց առաջին մարդու առջև՝ չուտել «Բարու և չարի գիտության» ծառի պտղից։ Սակայն արգելված բանը միշտ գրավում է մարդուն, և Ադամն ու Եվան բացառություն չէին։ Նրանք խախտեցին Աստծո միակ պայմանը և իրենց կատարած սխալ քայլի պատճառով կորցրին իրենց փոխհարաբերությունն Աստծո և միմյանց միջև, ճաշակեցին մեղքը, դառնությունը և կորցրին այն բոլոր օրհնությունները, որոնք ունեին Աստծո շնորհիվ։
Քանի որ Աստված բարի և կատարյալ է, Նա ատեց մեղքը, սակայն ողորմած լինելով՝ չցանկացավ, որպեսզի մարդն ապրի խավարում և Իրենից զատ, որի հետևանքով Նա աշխարհ ուղարկեց Իր միակ Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ նրանում մարդիկ հավիտենական կյանք ունենան (Հովհ․ 3։16)։
Հիսուս Քրիստոսի մահվան և հարության շնորհիվ մարդիկ ունեցան հնարավորություն կրկին Հայր Աստծո հետ վերականգնելու իրենց փոխհարաբերությունը։
Աստծո հետ կապը մեզ լեցնում է սիրով, բարությամբ, խաղաղությամբ։ Սակայն ամեն դեպքում մեղքի պատճառով մարդը ծնվում է մեղավոր և կարիք ունի ապաշխարելու, որպեսզի ֆիզիկական մահից հետո կարողանա ունենալ հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսի հետ։
Այո՛, մարմինը կարող է ֆիզիկապես դադարել իր գոյությունը, սակայն հոգին, որը Աստծո շունչն է մեր մեջ, ապրում է հավիտյան Քրիստոսի շնորհով։ Սակայն մարդն ինքն է որոշում՝ իր հոգին կապրի՞ հավիտենական կյանքով Աստծո հետ, թե՞ կճաշակի հավիտենական մահը։
Տիրոջ գալուստը մոտ է։
Քանի դեռ կա ժամանակ, սթափվի՛ր, ո՛վ մարդ։
Դու ես որոշում ընտրել անեծքը, թե՝ օրհնությունը։
Թարգմանեցին՝
Դիանա Խաչատրյանը
Արմինե Աբրահամյանը
Աղբյուրը՝ gcu.edu