1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ Էջմիածնում էր, ուր հավաքված էին Եղեռնից մազապուրծ հայության զանգվածներ:

Թումանյանն անմիջապես ձեռնամուխ է լինում գաղթականների, մասնավորապես հազարավոր որբերի ապաստարանի, խնամքի, սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվում են հանգանակություններ, բացվում է հիվանդանոց և որբանոց` նախատեսված մոտ 3.000 երեխայի համար:

Թումանյանը Էջմիածնի մատույցներից հավաքագրում և որբանոցներում էր տեղավորում ծնողազուրկ բազմաթիվ երեխաների: Անձամբ կազմում է հիվանդ և առողջ երեխաների ցուցակները՝ առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվելով հիվանդ հայ որբերին:

Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Իր հուշերում Թումանյանը գրում է. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) – հայրի´կ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր… Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից էնտեղից գլուխ էին բարձրացնում – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»։

Իր որբախնամ գործունեությամբ Թումանյանն իր ժողովրդի պատմության ամենաողբերգական փուլում, երբ չկար հույս և առաջ շարժվելու որևէ կողմնացույց, դարձավ որբացած հազարավոր մանուկների համար հույսի փարոս:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.