«Միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած: Ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես... Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր, գարուն թե ձմեռ, բաց պատուհանով՝ պառկելով ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել»:

Ահա ինչպիսին էր Կոմիտասը՝ ժամանակակիցների փոխանցմամբ: Այն, որ նա որբացել էր մանուկ հասակից, իր խորունկ թախիծն էր թողել հոգու խորքում, բայց … զարմանալիորեն կենսախինդ էր Կոմիտասը: Նրա վառվռուն աչքերից ներս անցնելու և հոգու խորքերն ուսումնասիրելու, դառնությանն ու ցավին հաղորդակից լինելու համար պետք էր ունենալ առնվազն «մի կտոր» նրա սրտից: Իսկ ժամանակակիցներիս համար միայն մի դուռ է մնացել՝ ներս մտնելու և հաղորդակից լինելու Կոմիտասի էությանը. նրա երաժշտությունն է դա, նրա զուլալ ու պարզ, ցավով ու մենությամբ թաթախված երաժշտությունը, որի մեջ էլ, միևնույնն է, դաջվել են գոհության ու հույսի թրթիռները:

Այդքան ցավի հետ որտեղի՞ց այդքան հույս: Հայրենակիցների ու անգամ հավատակից ընկերների կողմից չհասկացված ու հալածված լինելու անվերջանալի տառապանքների մեջ որտեղի՞ց այդքան լավատեսություն ու գոհություն:

«Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր... Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն». Հրաչյա Աճառյան:

Տառապանքները մարդուն երկու ուղղությամբ կարող են տանել: Կարող են չարացնել, գցել վիրավորանքի ու չներման ճահճուտը: Կամ էլ կարող են սրբամաքրել մաքուրն ու զուլալը: Սուրբ Գիրքն ասում է. «Թող սուրբն ավելի սրբվի…»: Կոմիտասն ընտրեց այս տարբերակը: Ահա թե որտեղից նրա անսահման բարությունն ու մաքրակրոնությունը, ինչպես Աճառյանն է ասում: Ահա թե որտեղից նրա աննկուն կամքն ու կենսուրախությունը, իր աշակերտներին օգնելու պատրաստակամ նրա ձեռքը: Նա սնունդ էր առնում Աստծուց: Այս ամենը նա չէր կարող ունենալ ու չկորցնել առանց Աստծո, քանի որ նրա կյանքում ամեն բան նպաստում էր կորստին…

… Այնուամենայնիվ, կորուստն անխուսափելի եղավ… Հայոց Ցեղասպանությունն անդառնալիորեն իր կորուստի կնիքը դրեց նրա առողջության վրա…

1915 թվականի ապրիլի 24-ին թուրքական կառավարությունը հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրն իրագործելու համար նախ կազմեց հայ մտավորականների երկու խումբ և աքսորեց նրանց Այաշ և Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։

Աքսորավայրում  հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրում են Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորը հանկարծ համակվում է հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն են անցնում...

… Այնուամենայնիվ, լսելով Կոմիտաս՝ չես կարող հաղորդակից չլինել նրա հավերժական հոգու քնքուշ ու լուսավոր ելևէջներին: Չես կարող պարփակվել սգի մեջ ու չունենալ հույսի շող այն հայրենիքի համար, որը նաև Կոմիտասինն էր…

«Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես, կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում: Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը». Հրաչյա Աճառյան:

Նա խոնարհվում էր՝ բարձրացնելով իր ժողովրդին: Նա խոնարհվում էր, բայց ոչ երբեք անցողիկ արժեքների առջև, նրա խոնարհության գահը ճշմարտությունն էր: «Ես կատարյալ չեմ, ինչպէս բոլոր մարդիկ, բայց կատարելության ձգտող եմ»,- ասում էր Կոմիտասը: Նա չափազանց նրբազգաց մարդ էր, դյուրագրգիռ, բայց նրա բարկությունը, Փանոս Թերլեմեզյանի խոսքերով՝ նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին,  որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել. «Այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ էր տիրապետում: Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ»:

Երբ հանճարեղ երաժշտի ուղեղում դեռ բոցկլտում էին գիտակցության վերջին նշույլները, Կոմիտասը գրում է իր վերջին գրությունը, որը հայրենիքի ու իր տառապող ժողովրդի մասին է. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզին ի խորս մեր հալածական և ողբերգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն... Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլե՛ արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը... Սիրտս փլած է...»:

Ի՞նչ կարող ենք մենք անել այսօր. նորից ու նորից վերապրենք ցա՞վ, ափսոսա՞նք, տառապանք ու կորո՞ւստ: Կարծում եմ՝ սա չէր փափագում Կոմիտասը: Նա ցանկանում էր տեսնել իր հայրենիքը վշտից ու ցավից մեջքը շտկած, և դրա համար նա ավանդել է մեզ մի ամբողջ հարստություն՝ իր կյանքի օրինակը, որը սովորեցնում է ամեն գնով պահպանել սրբությունն ու հոգու լույսը, և, իհարկե, այն հոգևոր երաժշտական գանձարանը, որը յուրահատուկ աղոթք է առ Աստված յուրաքանչյուր հաղորդ սրտի համար:

Միայն քրիստոնեական հավատքով մենք կարող ենք ներս մտնել նրա երաժշտության խոհական ու լուսավոր դռնից ներս, դեպի նրա հոգու խորխորատները և փորձել հասկանալ, գնահատել ու ապրել… ապրել… ապրել…

Գոհար Ավագյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.