Հավատքի վահանը. Դեյվիդ Ուիլքերսոն
«Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել»։ Եփեսացիս 6.16
Երբ դուք պատերազմի մեջ եք, սատանան ձեզ կմեղադրի: Նա ձեզ կհիշեցնի անցյալի յուրաքանչյուր մեղքի, յուրաքանչյուր մութ պահի, ձեր երբևէ արած բոլոր հիմարությունների մասին: Զարմանալի չէ, որ Պողոսը նման մեղադրանքները անվանում է կրակոտ տեգեր կամ «բոցավառ նետեր» (տե՛ս Եփեսացիս 6.16): Թարգմանությամբ այն հնչում է որպես «բորբոքված զայրույթ»: Շատ սուրբեր ճաշակել են իրենց շրջապատից ստացվող՝ ստոր և վիրավորական խոսքերի ցավը: Նման չմտածված մեղադրանքները շիկացած զայրույթի իսկապես բոցավառ նետեր են:
Ժամանակ առ ժամանակ կարող եք մտածել, որ միայն դուք եք նման ծանր հարձակումների ենթարկվում: Այդ պահերին դուք ձեզ միայնակ եք զգում՝ մեկուսացված ձեր տառապանքների մեջ: Անգամ նրանք, ովքեր ամենից շատն են հոգ տանում ձեր մասին, կարծես չեն կարող հասկանալ այն ամենը, ինչի միջով անցնում եք:
Պետրոս առաքյալը հիշեցնում է մեզ. «Սիրելինե՛ր, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք»: Ա Պետրոս 4.12–13:
Պողոսը նաև պատվիրում է. «Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել»: Եփեսացիս 6.16:
Ի՞նչ է իրականում հավատքի վահանը: Դա Աստծո խոստումներից կառուցված և մեր հավատքով ամրացված անթափանց զրահն է: Այս վահանը մեր պաշտպանությունն է՝ մեր դեմ արտասանված յուրաքանչյուր սատանայական, վիրավորական խոսքի: Դիմադրել թշնամու հարձակմանը նշանակում է մարել վախի և անհավատության յուրաքանչյուր ձայն: Դա պաշտպանություն է, որը վստահորեն ասում է. «Սատանա՛, ես անտեղյակ չեմ քո գործելաոճից. ո՛չ կուրացնող ցավը, ո՛չ անհաստատ ֆինանսները, ո՛չ համաշխարհային քաոսը չեն կարող ինձ բաժանել Աստծո սիրուց»:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը