Երեխայի դաստիարակությունը ըստ Առակաց գրքի
Երևի թե ծնողների համար ամենաբարդ բաներից մեկը կյանքում երեխային ճիշտ դաստիարակելն է, բայց ո՞րն է այդ «ճիշտը», սա ամեն ընտանիքում ունի իր տեսանկյունն ու սկզբունքները:
Իհարկե, լավագույն օրինակը սեփական քայլերով երեխայի համար լավ օրինակ լինելն է, չէ՞ որ բոլոր երեխաներն առաջին հերթին ընդօրինակում են այն, ինչ տեսնում են, բայց բազում մանր ու մեծ հարցեր կան, որոնք պետք է սովորեցնել երեխային՝ իր հետ խոսելով, պատմելով ու բացատրելով:
Քրիստոնյաներիս համար՝ երեխային դաստիարակելու սկզբունքները կարող է շատ տարբերվել ոչ քրիստոնյաների դաստիարակությունից: Բայց յուրաքանչյուր ծնող հաճախ կանգնում է մի շարք հարցերի առաջ ու մտածում, թե ինչպե՞ս վարվելն է ճիշտ:
Եկե՛ք, կարդանք մի քանի համարներ, որ գրված են Առակաց գրքում երեխային դաստիարակելու մասին.
«Խրատիր որդիիդ և նա էլ քեզ կհանգստացնի. և սփոփանք կպատճառի քո հոգիին» (Առակաց 29.17):
«Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտա, բայց բաց ընկած տղան անարգանք կբերի իր մոր համար» (Առակաց 29.15)։
«Գավազանը խնայողն ատում է իր որդիին. բայց նրան սիրողը կանուխ կխրատի նրան» (Առակաց 13.24):
«Խրատիր որդիիդ, քանի որ հույս կա, և ուշդ մի դարձնիր նրա աղաղակին» (Առակաց 19.18):
«Երեխայից մի խնայիր խրատը, որովհետև եթե նրան գավազանով ծեծես՝ չի մեռնի: Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքիցը» (Առակաց 23.13-14)։
«Հիմարությունը կապված է երեխայի սրտին. խրատի գավազանը նրան կհեռացնի նրանից» (Առակաց 22.15):
Երեխայի ապագայի պահվածքը մեծամասամբ կախված է ծնողից, մանկությունը շատ կարճ է, լինենք ուշադիր, որ բաց չթողնենք այն կարևոր պատասխանատվությունը, որ Աստված դրել է մեզ վրա մեր երեխաների հանդեպ:
Մեր աղոթքներում խնդրենք իմաստություն այս հարցի համար, քանի որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է ու բոլորին նույն կերպով հնարավոր չէ դաստիարակել:
Հեղինակ՝ Էսթեր Զաքարյան