Ընտրության մասին և ոչ միայն
Մենք մշտապես ինչ-որ բան ընտրում ենք: Ամեն ինչում և միշտ` սկսած շուկայի վարունգներից մինչև փոխհարաբերությունները: Ընտրության իրավունքը դրոշմված է մեզ վրա եդեմական այգում մարդու ստեղծման պահից: Հիմնականում մարդը ընտրում է այն, ինչ իր համար է լավ: Ավելի հազվադեպ՝ ինչը լավ է իր սիրելիի համար: Եվ ավելի սակավ դեպքերում՝ ինչն ավելի լավ է Աստծո համար:
Բոլորս ընտրություն ունենք՝ հարմարավետության, անվտանգության և կոչման՝ մեր աստվածային նախասահմանության միջև: Սա այն նախասահմանությունը չէ, որ մենք հաճախ շփոթում ենք «բախտ» ասվածի հետ և ամեն բան դրա վրա բարդում՝ ասելով՝ դե ամեն բան, միևնույնն է, Աստծո ձեռքերում է: Խոսքս այն նախասահմանության մասին է, որ Աստված պատրաստել է, որի մեջ պետք է մտնել՝ որպես խոստացված երկրի:
«Մի՞թե հնարավոր չէ քայլել կոչման մեջ ու, միևնույն ժամանակ, լողալ հարմարավետության մեջ»,- հավանաբար նման հարց շատերիդ մոտ է առաջացել: Ո՛չ, հնարավոր չէ: Այդպես չի լինում: Այսօր շատ են հնչում քարոզներ բարեկեցության ու բարգավաճման մասին, որ Հիսուսը ամեն բան կատարել է, իսկ մեզ միայն հավատալ է պետք: Բայց այդպես չի լինի: Պատճառը շատ պարզ է՝ աշխարհն այսօր սատանան է կառավարում: Եվ նա միշտ դեմ է գնալու նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում իր իշխանության վրա:
Առաքյալները նույնպես ապրում էին այն ժամանակներում, երբ Հիսուսն արդեն արել էր ամեն բան: Եվ բոլորը, մեկից բացի, ընդունեցին տանջալից մահ, իսկ կյանքի ժամանակ անցան փորձություններով: Եկեք դիտարկենք, օրինակ, Պողոս առաքյալի կյանքը՝ իր տոհմածառով, կրթությամբ, արժանապատվությամբ, կապերով ու հեղինակությամբ: Նա ավելի քան անվտանգ էր ապրում, մինչև մտավ իր կոչման մեջ: Մենք գիտենք Աստծո ծառաների շատ օրինակներ, ովքեր անցան տառապանքներով: Եվ նրանք բոլորը ապրում էին շնորհի ժամանակներում:
Եթե մերօրյա եկեղեցուն զրկեն ամեն հարմարություններից, քանի՞ հոգի կմնա այնտեղ:
Առաջին Ադամը իր ծննդյան օրից ապրում էր հիասքանչ մի վայրում երկրի վրա, մինչև իր ընտրության պահը: Երկրորդ Ադամը ծնվեց գոմում և մինչ իր կոչման մեջ մտնելու պահը ապրեց Հովսեփի ու Մարիամի տանը: Առաջին Ադամի ընտրությունը նրան Եդեմից արտաքսման հանգեցրեց: Երկրորդի ընտրությունը հանգեցրեց նրան, որ Նա տեղ չուներ «իր գլուխը դնելու», իսկ հետո խաչի մահն էր սպասում Նրան: Ադամը պայքարում էր իր հողում փուշ ու տատասկների հետ, Քրիստոսը կրեց փշե պսակը իր գլխի վրա:
Նրանք երկուսն էլ կորցրեցին հարմարավետությունը: Բայց առաջինի ընտրությունը բերեց անեծքի, իսկ երկրորդինը՝ հավիտենական օրհնության ու կյանքի: Ո՞ր Ադամին ենք մենք ընտրում այսօր:
Դմիտրի Վելիդչենկո