«Հայտնի ըլլալով որ դուք Քրիստոսին թուղթն էք մեր սպասավորությունովը, ո՛չ թէ մելանով գրված, հապա կենդանի Աստուծոյ Հոգիովը, ո՛չ թէ քարեղեն տախտակներու վրայ, հապա սրտին մարմնեղէն տախտակներուն վրայ»: 2 Կորնթ. 3.3

Հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը հավատացյալ մարդկանց անվանում է նամակ: Նամակը հնարավորություն է տալիս, որ իրարից հեռու գտնվող մարդիկ կարողանան տեղեկատվություն փոխանակել: Մարդիկ կարող են կարդալ նամակը և իրարից ստանալ վատ կամ լավ նորություններ: Հետաքրքիր է, որ Աստված նայում է իր զավակներին և ասում` դուք իմ նամակներն եք: Աստված ուզում է մեր միջոցով աշխարհին հայտնել Ավետարանի բարի լուրը: Հավատացյալների ապրած կյանքը նամակ է, մարդիկ մեր կյանքում կարող են կարդալ բարկություններ, ատելություններ, նախանձներ, կռիվներ, և դրան հակառակ` մարդիկ կարող են մեզ նայել ու կարդալ մեր մեջ սեր, խաղաղություն, հնազանդություն, հավատարմություն և ամեն տեսակի լավ բաներ:

Մենք պետք է հիշենք` մեր կյանքը նամակ է: Մենք մեր նամակ լինելով կարող ենք մարդկանց կա՛մ ուրախացնել, կա՛մ հիասթափեցնել: Իմ և քո կյանքը դիտում են կողքի մարդիկ, և նրանք կա՛մ փառաբանում են Աստծուն, կա՛մ խնդրում են Աստծուց, որ այլևս ձեզ հետ չհանդիպեն:

Մարդիկ նայում են մեր կյանքին և կարող են տեսնել մեր կյանքը, մեր վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ, լսել մեր արտահայտություններն ու կարծիք կազմել մեր մասին:

Վերոհիշյալ հատվածի վերջնամասում կարդում ենք. «ո՛չ թէ մելանով գրված, հապա կենդանի Աստուծոյ Հոգիովը, ո՛չ թէ քարեղեն տախտակներու վրայ, հապա սրտին մարմնեղէն տախտակներուն վրայ»: Աստված աշխատում է փոխել մեր կյանքը, և դրա համար փոխում է մեր սիրտը: Նա հստակ գիտի, որ եթե մեր ներսի կյանքը փոխվի, ապա կփոխվեն նաև մեր խոսքերն ու վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Սակայն հնարավոր է, որ մարդու վերաբերմունքը փոխվի, բայց սիրտը` ոչ. այդ մարդուց ստացվում է ուղղակի հիանալի դերասան: Աստված չի ուզում, որ մենք ձևացնենք, թե սիրում ենք: Գրված է` սիրի՛ր նույնիսկ թշնամուդ, մի՛ ձևացրու, թե ներել ես, այլ ներիր սրտանց: Մենք, որպես քրիստոնյաներ, պետք է արտացոլենք երկնայինը երկրի վրա:

Բուժաշխատողները բուժելու մի այսպիսի կերպ ունեն`մի հիվանդին ասում են, որ ծովային կլիմայի կարիք ունի, երկրորդին` լեռնային, երրորդին` անտառային և այլն: Մարդը, փոխելով իր կլիման, սկսում է իրեն լավ զգալ: Մենք իրար ասում ենք. եթե դու քրիստոնյա ես և քեզ հոգևորապես վատ ես զգում, մի՛ փնտրիր լեռնային կլիմա, ո՛չ էլ ծովային կամ անտառային: Առողջարար կլիման փնտրիր այնտեղ, ուր Սուրբ Հոգու ներկայությունն է: Աստծո ներկայության մեջ դու կլուսավորվես ու քեզ լավ կզգաս: Այսպիսով՝ սրտի վիճակից է կախված մեր ամբողջ զգացողությունը: Դա նշանակում է` եթե ես ուզում եմ, որ փոխվի իմ կյանքը, ուրեմն՝ պետք է փոխվի իմ սիրտը, և եթե փոխվի իմ սիրտը, ինքնաբերաբար կփոխվի նաև իմ կյանքը:

Դու կանչված ես Աստծո բաց նամակը լինելու, կանչված ես, որ մարդիկ քո մեջ տեսնեն Քրիստոսին: Աստված Իր Սուրբ Հոգով աշխատում է քո սրտի հետ, և եթե ինչ-որ մեկն այսօր ասի. «Ես ուզում եմ, որ իմ սիրտը փոխվի, ես ուզում եմ ուրիշ սիրտ», գիտե՞նք արդյոք, թե որտեղ է Նա, Ով նոր սիրտ է տալիս: Ա Թագավորաց 10.9. «Երբ անիկա իր կռնակը դարձուց Սամուէլին քովէն երթալու համար, Աստուած անոր ուրիշ սիրտ մը տուավ եւ նույն օրը այս բօլոր նշանները կատարուեցան»:

Այստեղ գրված է, որ Աստված Սավուղին նոր սիրտ տվեց: Մենք կարիք ունենք, որ մեր սրտերը փոխվեն: Աստված գիտի, որ եթե մարդու ներսը փոխվի, ապա կփոխվի նաև նրա արտաքին վարքագիծը: Բացատրե՛ք խնդրեմ, ինչո՞ւ միևնույն իրավիճակում տարբեր մարդիկ տարբեր կերպ են վարվում: Ոմանք նյարդայնանում են, ոմանք խաղաղ են, ոմանք աղաղակում են, ոմանք հանդարտ են: Աշխարհի մարդիկ դա մեկնաբանում են արևի ակտիվությամբ, լիալուսնով, մակընթացություններով ու տեղատվություններով, շաբաթվա օրերով: Բայց մեզ` քրիստոնյաներիս, այն բացատրությունն է պետք, որի հետևում կանգնած է Աստված:

Գիտե՞ք` ես ինչպես եմ այն բացատրում: Ես այն բացատրում եմ սրտի վիճակով. ինչո՞ւ են մարդիկ նույն վիճակում տարբեր կերպ վարվում, որովհետև մարդիկ սրտի տարբեր վիճակներ ունեն: Եղբա՛յրս, քո՛ւյրս, եթե այսօր ուզում ես փոխվել, դու այսօր ունես բոլոր հնարավորությունները, որովհետև դրա համար պետք չէ վճարել, պետք չէ նույնիսկ հերթ կանգնել, պետք է միայն գալ Հիսուսին` այնպես, ինչպես կաս, և ասել. «Հիսո՛ւս, ես չեմ ուզում դերասան լինել, ես ուզում եմ Քո որդին լինել` նոր սրտով: Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ նայելիս չգայթակղվեն, այլ նայեն ու փառավորեն Քո սուրբ անունը»:

Եթե Հիսուսը փոխեց Զաքեոսին, Սավուղին, Նա երեկ, այսօր ու հավիտյան նույնն է և ի զորու է փոխելու նաև քեզ: Դրա համար պետք է միայն քո համաձայնությունը: Նա ասում է` արի, և ես կվերցնեմ քո բեռը: Կփոխվի քո կյանքը թե ոչ` դա կախված է քո ցանկությունից: Եթե դու ուզում ես հաղթել քո հին ու վատ սովորություններին, ապա այսօր Հիսուսը կարող է քեզ հաղթող դարձնել: Հիսուսը ձրի բժշկություն է առաջարկում բոլորին, և Նրա ներկայության մեջ կարող ենք փոխվել ես ու դու, դառնալ ավելի լավ որդիներ ու դուստրեր, ավելի լավ մայրեր, լինել ավելի լավը, որովհետև Նա պատրաստ է տալու Իր Շնորհքը:

Մենք նամակ ենք, բայց ինչպիսի` կախված է մեր ցանկությունից: Մաքուր սրտով մարդը սկսում է մաքուր խոսել, մաքուր մտածել, մաքուր վարվել: Եկե՛ք թույլ տանք, որ Հիսուսը փոխի մեզ ներսից և ասենք. «Սրբի՛ր ինձ, ես ուզում եմ Քո փառքն արտահայտել երկրի վրա»:

ԻԳՈՐ ԱԶԱՆՈՎ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.