Բաց թո՛ղ անցյալիդ սխալները
«Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիներին 8.1):
Այնքա՜ն մխիթարող է իմանալ, որ Աստծո կարեկցանքն ու բարությունը դրսևորվում են նոր կերպով ամեն օր: Իր մեծ սիրո շնորհիվ Աստված ճանապարհ է հարթել, որպեսզի քո անցյալը զրոյական իշխանություն ունենա քեզ վրա: Դու չպետք է մեղքի և դատապարտման մեջ ապրես քո անցյալի անհաջողությունների համար. դու կարող ես ապրել մեծ հույսով՝ առջևում վառ ապագայի համար:
Աստծո բաժինը մեզ ներելն է, մեր մասը՝ ստանալ Նրա ողորմած պարգևը՝ ներողամտությունը, ողորմությունը և նոր սկիզբը: Շատերը մտածում են՝ ինչպե՞ս կարող է Աստված ներել ինձ, երբ ես այդքան վատ բաներ եմ արել: Բայց ճշմարտություն է, որ Աստված կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել՝ շատ ավելին, քան երբևէ մենք կարող էինք պատկերացնել, որ Նա կարող է անել մեզ համար (Եփեսացիս 3.20):
Երբ մենք խնդրում ենք Աստծուն ներել մեզ, Նա հավատարիմ է և արդար՝ դա անելու համար: Նա շարունակաբար մաքրում է մեզ ամեն անիրավությունից (Ա Հովհաննես 1.9):
Հին բաներն անցնում են, և մենք հնարավորություն ունենք նոր սկզբի համար (ԲԿորնթացիներին 5.17)։
Մենք դառնում ենք նոր հոգևոր կավ, որով Աստված աշխատում է: Նա ամեն բան անում է, որ մեզանից յուրաքանչյուրը նոր սկիզբ ունենա. մենք պարզապես պետք է պատրաստ լինենք թողնել անցյալը և առաջ շարժվել Աստծո հետ:
Օրվա աղոթք. «Տե՛ր, շնորհակալություն ամեն առավոտ Քո նոր ողորմությունների համար: Օգնի՛ր ինձ ստանալ Քո ներումը և բաց թողնել իմ անցյալը, որպեսզի կարողանամ ընդունել ապագան, որը Դու պատրաստել ես ինձ համար, ամեն»:
Աղբյուրը՝ Letting Go of Past Mistakes | Daily Devotion from Joyce Meyer
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը